Քանի որ լիրայի փոխարժեքի անկումը եւ ինֆլյացիայի աճը փլուզել են թուրքերի եկամուտները, Ստամբուլի շատ բնակիչներ ստիպված են հերթ կանգնել էժան հացի համար՝ փորձելով խնայել իրենց ընտանեկան բյուջեի ոչ մեծ գումարները:

«Արդարություն եւ զարգացում» կուսակցության ավանդական հենակետ հանդիսացող Սուլթանգազի շրջանում տասնյակ մարդիկ սպասել են, որպեսզի հաց գնեն քաղաքապետարանի կառավարման ներքո գտնվող կրպակից՝ նշելով, որ աճող տնտեսական խնդիրներն իրենց ընտրություն չեն թողնում:

«Մարդիկ այժմ այնպիսի դժվարության մեջ են, որ մենք հաշվում ենք ամեն կոպեկը՝ 5, 10, 20 լիրա»,- ընտանիքի համար հաց գնելուց հետո ասել է 50-ամյա Օզքան Քեթուդան։

«Կառավարությունը պետք է փոխվի, քանի որ նույն համակարգը գոյություն ունի արդեն 20 տարի»,- ասել է նա։ «Այստեղ շատերը կարող են ասել՝ «կեցցե իմ սուլթանը», բայց այդ շրջանն անցել է։ Ինձ հետ ԱԶԿ-ին քվեարկածները նույնպես դժվարությունների են հանդիպում»։

Ըստ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, որը համարվում է նախագահ Թայիփ Էրդողանի պոտենցիալ մրցակիցը, հերթերը ցույց են տալիս այն, ինչն ինքը անվանում է ոչ միայն տնտեսական ճգնաժամ, այլեւ կառավարության ձախողում, որը վկայում է քաղաքական փոփոխությունների անհրաժեշտության մասին:

Նրա քաղաքապետարանը հացը վաճառում է 1,25 լիրայով (9 ԱՄՆ ցենտ) կամ սովորական փռերի գնի մոտ կեսով, եւ գրեթե կրկնապատկել է իր հացի արտադրությունը՝ հասցնելով օրական մոտ 1,5 միլիոն հացի՝ պահանջարկը բավարարելու համար: Բայց, ըստ նրա, հերթերը ցույց են տալիս, որ դա էլ բավարար չէ։

«Սա շատ հստակ ցույց է տալիս աղքատությունը։ Մարդիկ հաճույք չեն ստանում հացի հերթ կանգնելուց»,- Reuters-ին տված հարցազրույցում ասել է նա։

Միայն նոյեմբերին լիրան կորցրել է իր արժեքի մոտ 30%-ը, մինչդեռ պաշտոնական տարեկան ինֆլյացիան թռել է մինչեւ 21,3% այն բանից հետո, երբ կենտրոնական բանկը Էրդողանի ճնշման ներքո նվազեցրել է իր տոկոսադրույքը մինչեւ 15%:

Մունիցիպալ գործակալության տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում կյանքի արժեքը բարձրացել է 50%-ով, վարձավճարները՝ 71%-ով, իսկ շատ հիմնական կենցաղային ապրանքների գները 75%-138%-ով։

«Այս շարունակվող գործընթացը միայն տնտեսական ճգնաժամ չէ։ Ուզում եմ ընդգծել, որ սա քաղաքական ճգնաժամ է»,- ասել է Իմամօղլուն։

Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Էրդողանի վարկանիշը հասել է վեց տարվա նվազագույնին, եւ որ նա ընտրություններում կարող է պարտվել պոտենցիալ հակառակորդներին: Էրդողանն ասում է, որ կառավարությունը լուծում է հասարակ թուրքերի առջեւ ծառացած խնդիրները՝ առաջ քաշելով աճի վրա կենտրոնացած նոր տնտեսական քաղաքականություն՝ զարկ տալով արտահանմանը, արտադրությանը եւ ներդրումներին: «Մենք քայլեր ենք ձեռնարկում մեր ժողովրդի առօրյա կյանքում առնչվող մարտահրավերներին դիմակայելու համար»,- ասել է նա շաբաթ օրը, ելույթ ունենալով հարավարեւելյան Սիիրթ նահանգում, նշելով, որ աշխատավարձերի բարձրացումը կթեթեւացնի աղքատ մարդկանց բեռը: Վերջին «կողոպտիչ» թանկացումների համար նա մեղադրել է «ագահ պատեհապաշտներին»՝ հայտարարելով, որ վերջին երեք տարիների ընթացքում կառավարությունը հարձակումների է ենթարկվել տնտեսության միջոցով, բայց «մեր ազգը հասկանում եւ աջակցում է մեզ»։