Խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ ի՞նչ քայլեր են արվում գերիների իրավունքները պաշտպանելու, նրանց հայրենիք վերադարձնելու համար. «Օգտվելով առիթից դիմում եմ Ձեզ՝ ի՞նչ քայլեր եք անում, ի՞նչ քայլեր եք արել և ի՞նչ եք ակնկալում մեզանից, բոլորից»,– ասաց նա:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ամենաթարմ օրինակը, երբ մեր կառավարությունը հարցը բարձրացրել է միջազգային դատարանում, և դատարանը շատ կարևոր արձանագրում է արել։ Իհարկե, ռազմագերիներին, պատադներին, պահվող այլ անձանց անմիջապես ազատ արձակելու պահանջով հանդես չի եկել, բայց արձանագրել է, որ մարտական գործողությունների ընթացքում գերեվարված անձինք պետք է միջազգային կանոնների համաձայն հայրենադարձվեն», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև հայտարարեց, որ գերիներին վերադարձնելու համար կառավարությունն ամենօրյա աշխատանք է տանում. «Դիվանագիտական ճանապարհով, բոլոր բանակցություններում այդ հարցը քննարկվում է և միջոցներ ձեռնարկվում են», - ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբեք չի խուսափել որևէ քննարկումից։ «Երբ հրավեր եղավ, ես ասացի, որ ընդունում եմ, բայց հիմա օր ու ժամ նշանակել չի լինի, քանի որ կարող է այդ օրը այլ միջոցառում է նշանակված, և ես կարող եմ առաջարկել, որ սպասվող բանակցություններից՝ դեկտեմբերի 15–ից հետո հանդիպել դռնփակ ռեժիմով քննարկել»,–ասաց նա։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ հրատապ թեմայով քննարկումը մեկ շաբաթ առաջ է ներկայացվում, և իրենք դեռ ավելի վաղ են ներկայացրել։