Լիտվան հայտարարել է, որ իր տարածքում ԱՄՆ ռազմական ներկայության ուժեղացումը կօգնի զսպել այն «սպառնալիքը», որը Ռուսաստանը ներկայացնում է դաշինքի արեւելյան թեւի համար։

«Լիտվայում ԱՄՆ ներկայության ուժեղացումը ամենաուժեղ զսպիչ գործոնը կդառնար այն սպառնալիքի դեմ, որը Ռուսաստանը ներկայացնում է ՆԱՏՕ-ի արեւելյան թեւին, եւ կապահովեր տարածաշրջանային անվտանգությունը՝ վերահաստատելով դաշնակիցների միասնությունն ու համերաշխությունը»,- Reuters-ին ասել է Լիտվայի նախագահի մամուլի քարտուղարը:

«Լիտվան միշտ ձգտել է մշտական դաշնակցային ռազմական ներկայության, ներառյալ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը, որը ներկայումս ռոտացիոն հիմունքներով է իրականացվում»,- ասել է նա՝ հավելելով, որ Վիլնյուսը խորհրդակցություններ է անցկացրել ԱՄՆ-ի հետ՝ Ուկրաինայի սահմանների երկայնքով տիրող իրավիճակի շուրջ։

2014 թվականին ԱՄՆ-ը մեկ տասնյակ կործանիչներ եւ մի քանի հարյուր զինվորականներ է ուղարկել Էստոնիա, Լատվիա, Լիտվա եւ Լեհաստան։