Սաուդյան Արաբիայի քաղաքացուն, որը ձերբակալվել էր Փարիզի օդանավակայանում՝ լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությանը մասնակցության կասկածանքով, Ֆրանսիան ազատ է արձակել այն բանից հետո, երբ պաշտոնյաները եզրակացրել են, որ դա սխալ նույնականացման դեպք է, հաղորդում է Reuters-ը:

Ֆրանսիայի իրավապահ մարմինների աղբյուրները հայտնել են, որ ձերբակալվածը Խալեդ Աեդ Ալ-Օթայբին է, նույն անունն ունի Սաուդյան Արաբիայի թագավորական գվարդիայի նախկին անդամը, ում հանդեպ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կողմից պատժամիջոցներ են սահմանվել Խաշոգջիի սպանությանը նրա մասնակցության համար:

Փարիզում Սաուդյան Արաբիայի դեսպանությունը հայտնել է, որ ձերբակալվածը «հետաքննվող գործի հետ որեւէ կապ չունի»։

Դատախազության տվյալներով՝ ստուգումները ցույց են տվել, որ Թուրքիայի կողմից տրված օրդերը, որը ձերբակալության պատճառ է հանդիսացել, չի տարածվում օդանավակայանում կալանավորված անձի վրա։

Հետաքննության մասին 2019 թվականի ՄԱԿ-ի զեկույցում ասվում է, որ Ալ-Օթայբին եղել է Սաուդյան Արաբիայի 15 հոգանոց այն թիմում, որը մասնակցել է Խաշոգջիի սպանությանը այն բանից հետո, երբ լրագրողը գնացել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն՝ իր հարսնացուի հետ ամուսնությունը թույլատրող փաստաթուղթ ստանալու համար: