Ռուսաստանի «պոտենցիալ ներխուժումը» կանխելու համար Ուկրաինայի տարածքում ամերիկյան զորքերի տեղակայում «չի դիտարկվում»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հավելելով, որ հույս ունի մինչեւ ուրբաթ հայտարարել ՆԱՏՕ-ի այլ երկրների եւ Ռուսաստանի հետ հանդիպման մասին, հայտնել է Reuters-ը։

Նրա խոսքով՝ երեքշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ երկու ժամ տեւած վիրտուալ հանդիպման ժամանակ հասկացրել է, որ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումը կունենա տնտեսական հետեւանքներ, եւ ինքը վստահ է, որ Պուտինը լսել է ուղերձը:

Բայդենը հույս է հայտնել, որ մինչեւ ուրբաթ բարձր մակարդակի հանդիպումներ կհայտարարվեն Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի առնվազն չորս հիմնական դաշնակիցների հետ՝ «քննարկելու ՆԱՏՕ-ի առնչությամբ Ռուսաստանի մտահոգությունները», եւ արդյոք հնարավոր է «արեւելյան ճակատում ջերմաստիճանը իջեցնելու համար» համաձայնության գալ պայմանավորվածությունների շուրջ:

Բայդենն ասել է, որ Միացյալ Նահանգները բարոյական եւ իրավական պարտավորություն ունի հարձակման դեպքում պաշտպանել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, սակայն այդ պարտավորությունը չի տարածվում Ուկրաինայի վրա:

«Դա օրակարգում չէ»,- ասել է Բայդենը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ամերիկյան զորքեր կօգտագործվեն Ռուսաստանի՝ Ուկրաինա «ներխուժումը» կանխելու համար։