Ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները, որոնք գերի էին ընկել Լեռնային Ղարաբաղում, ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադարձվել են, ներկայումս գերեվարված հայ զինվորների վերադարձի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը։

«Մինչ օրս ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձվել են, իսկ հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, կա լավ պոզիտիվ, կա ըմբռնում։ Ես կարծում եմ, որ այս հարցը պետք է ամբողջությամբ փակվի։ Եվ ռուս խաղաղապահներն այս գործը կհասցնեն ավարտին»,- ասել է Մուրադովը։

Նա նշել է, որ գերիների վերադարձի հետ կապված աշխատանքը որպես խաղաղապահի քաղաքացիական պարտք է դիտարկում:

«Որպես զինվորական՝ ես հասկանում եմ, թե ովքեր են ռազմագերիները, ինչ զգացումներ են ապրել գերության մեջ։ Հիշում եմ առաջին չվերթը, երբ թռանք Բաքու, եւ վերադարձիս տեսա այդ զինծառայողների դեմքերը, երբ նրանք արդեն թռել էին Երեւան՝ Էրեբունի օդանավակայան։ Դրանք արցունքներ էին, նրանք չէին հավատում, որ տուն են վերադարձել»,- ասել է գլխավոր հրամանատարի տեղակալը։