Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 9-ի նիստում որոշեց «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրել:

Որոշման նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ նոր ստեղծվող ընկերությունը պայմանագրեր է կնքելու ՀՀ տարածքում գործող ադամանադագործական ընկերությունների հետ, համաձայն որի այդ ընկերությունները հայտեր են ներկայացնում «Հայ-Ալմաստ»-ին, որի հիման վրա վերջինս, ընկերությունների ներկայացուցիչների հետ համատեղ, կազմակերպում է հումքի զննում «Ալռոսա» ընկերությունում։

Զննումից հետո հումքի գնման, հաստատման և պայմանագիր ստորագրելու հավաստիացման դեպքում շահառու ադամանդագործական ընկերությունները հումքի արժեքի գումարը վճարում են «Հայ-Ալմաստ» ընկերությանը։ «Ալռոսա» ընկերության կողմից սահմանված ժամկետում «Հայ-Ալմաստ» ընկերությունը վճարում է գնված հումքի գումարը և ստացված հումքը նույն օրը վաճառվում է հայտատու ընկերություններին՝ ըստ ներկայացված հայտերի։

«Ընկերության ծախսերի ծածկման և նվազագույն շահույթ ապահովելու նպատակով ադամանադագործական ընկերություններին մատուցած միջնորդական ծառայության դիմաց կգանձվի միջնորդավճարի չափ, որը կհաստատվի Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից»,-ասվում է որոշման հիմնավորման մեջ։