Դեկտեմբերի 8-ին կատարվել է 489 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք է գրանցվել:

Արցախի ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 83 վարակակիր: Բժիշկները 16 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 48-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 26 626 քաղաքացու հետազոտություն, որից 4381-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արձանագրվել է 1 մահվան դեպք՝ 73-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: