Դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նիստը։

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգում  ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և ««Հանրային ծառայութունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների  նախագծերի քննարկման հարցերն էին։

««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։Նախագծով առաջարկվում է օրենսդրորեն կարգավորել տեղական տուրքերի և վճարների գծով արտոնության հասկացության սահմանումը և համայնքի պատվերով ծառայություններ մատուցող անձանց համար արտոնություն կիրառելու գործընթացը, որը հնարավորություն կտա առավել արագ ու մատչելի կազմակերպել այդ գործընթացը։

««Հանրային ծառայութունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի առաջարկվող կարգավորման բնույթը ներկայացրել է ԱՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանը։ Առաջարկվող կարգավորումն ուղղված է 2022 թվականին  հանրային ծառայությունների ոլորտում իրավիճակի կայունացմանը և Հանձնաժողովի կողմից իրականացվող քաղաքականության արդյունավետության ապահովմանը։ Առաջարկվող փոփոխությամբ հանձնաժողովը հնարավորություն կունենա թեթևացնելու կարգավորման պարտադիր վճարների բեռը՝ 2022 թվականին  կարգավորման պարտադիր վճարների չափերը հնարավորինս մոտեցնելով այդ վճարների համար հաշվարկված կարգավորման պարտադիր վճարների 2020 թվականի չափերին։    

Օրինագծերի վերաբերյալ հանձնաժողովի կողմից հնչել են առաջարկություններ,որոնք ընդունվել են հեղինակների կողմից։

Հանձնաժողովը 6 կողմ ձայնով օրենքների նախագծերին տվել է դրական եզրակացություն։ Օրինագծերն  ընդգրկվելու են ԱԺ  առաջիկա հերթական նիստի օրակարգում։

Նիստին ներկա էին ԱՀ ԱԺ նախագահը և ԱՀ նախագահի տեղակալը։