Ռուսաստանցի զինծառայողները խաղաղապահ գործողության շրջանակում Լեռնային Ղարաբաղի տարածքում այժմ զբաղված են գերիների վերադարձման, ենթակառուցվածքային նախագծերի իրականացման եւ հումանիտար այլ խնդիրների լուծման հարցերով, տեղեկացրել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Բացի  հրադադարը եւ բոլոր մարտական գործողությունների դադարեցումը վերահսկելուց, մեր խաղաղապահների ջանքերն ուղղված են տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնմանը, ընդ որում՝ հաջողությամբ լուծվում են հումանիտար խնդիրները»,- հինգշաբթի օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների հետ ճեպազրույցում ասել է Գերասիմովը։

Այդ խնդիրներից հիմնականներն են «տեղանքի եւ օբյեկտների ականազերծումը, գերիների եւ այլ պահվող անձանց վերադարձը, զոհվածների մարմինների որոնումը, հումանիտար բեռների առաքման անվտանգության եւ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ապահովումը»,- ասել է Գերասիմովը։

«Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են խաղաղապահ խնդիրներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում։ Ավելի քան մեկ տարի առաջ հնարավոր եղավ դադարեցնել արյունալի պատերազմը եւ պայմաններ ստեղծել տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար։ Լարվածությունը նվազեցնելու եւ հրադադարի ռեժիմին համապատասխանելու համար ռուս խաղաղապահները հերթապահություն են կազմակերպել դիտակետերում եւ պարեկություն են իրականացնում խաղաղապահ օպերացիայի տարածքում»,- ասել է Գերասիմովը։

Նա նաեւ հիշեցրել է, որ, «հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների վերահսկողությունից բացի, այս տարվա հունվարից Ադրբեջանի Աղդամի շրջանում գործում է ռուս-թուրքական համատեղ կենտրոնը»։