Հայաստանը ներկայացուցիչ չունի որևէ քաղաքական ֆորմատում՝ դա կլինի 3+3, Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպում, թե Սոչիում, թե Բրյուսելում կայանալիք հանդիպումը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Դուք համարում եք, որ մենք այնտեղ ներկայացուցիչ ունե՞նք: Մի քանի ամիս առաջ կար հնարավորություն ՄԱԿ-ի ամբիոնից խոսելու, որ Արցախի ժողովրդի, հայ ժողովրդի նկատմամբ իրականացվել են պատերազմական բազմաթիվ հանցագործություններ։ Այդ հանցագործությունների հենքը տվել է ոչ թե մեր մամուլը կամ մեր զինվորական ստորաբաժանումների ապացուցողական բազան, այլ տվել էր միջազգային մամուլը, մեր դաշնակից երկրների անվտանգային մարմինները։ Պետք էր այդ ամենը հավաքել ու ներկայացնել ՄԱԿ-ի երկրներին»,-ասաց նա:

Աննա Մկրտչյանը համոզմունք հայտնեց, որ մեր գլխացավանքը «3+3»-ը չէ, մեր գլխացավանքը Նիկոլն է» «Երբ դրանից ազատվենք, մնացած բոլոր ձևաչափերում ունենանք Հայաստանի ներկայացուցիչ, նոր կարող ենք բովանդակային քննարկումներ ունենալ»,-նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ՀՀԿ-ական պատգամավորը։

Աննա Մկրտչյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի օրոք, որը մի օր գերուն հերոսացնում է, մյուս օրը հանցագործ որակում, մի օր ասում է՝ չկրակելու հրաման չի տվել, հաջորդ անգամ հայտարարում է, որ բանավոր պայմանավորվածություն Ադրբեջանի հետ չի կարող ձեռք բերվել, դավաճանություն է, արդյունավետ քննարկումների մասին խոսելն ապարդյուն է։