Կենսամակարդակի անկմամբ պայմանավորված՝ մարդիկ փորձում են ապրել մեկ տեղում, որպեսզի կրճատեն բնակարանի վարձակալման ծախսերը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը դեկտեմբերի 9-ին ասաց անշարժ գույքի բորսայի տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին։

Նրա խոսքով՝ նվազել է վարձով տրվող բնակարանների եւ մասնավոր տների թիվը այն դեպքում, երբ կոմերցիոն անշարժ գույքի ոլորտում նկատվում է աճ, ընդ որում՝ միտումները նույնն են թե՛ Երեւանում, թե՛ մարզերում։

Նա տեղեկացրեց, որ 2020թ. առաջին վեց ամսում Երեւանում վարձակալության է տրվել 797 բնակարան, իսկ 2021թ. նույն ժամանակամիջոցում այդ ցուցանիշը իջել է 447-ի կամ 44 տոկոսով։ «Վարձով տրվող մասնավոր տների քանակը նշված ժամանակամիջոցում նվազել է 30 տոկոսով, իսկ կոմերցիոն անշարժ գույքի ոլորտում այդ ցուցանիշը, ընդհակառակը, ավելացել է 13 տոկոսով։ Մարզերում այդ ընթացքում վարձու տրվող բնակարանների թիվը նվազել է 27 տոկոսով, իսկ մասնավոր տներինը՝ 24։ Կոմերցիոն անշարժ գույքի ոլորտում այդ ցուցանիշն ավելացել է 6 տոկոսով»,- ավելացրեց Պրիբիլսկին։

Փորձագետը նշեց, որ անշարժ գույքի 40 տոկոսը, որը Հայաստանում տրվում է վարձով, կոմերցիոն անշարժ գույք է, բնակարանների բաժինը կազմում է 15 տոկոս, մասնավոր տներինը՝ 7։