Երբ Հայաստանի քաղաքական իշխանությունը չունի այդ գիտակցությունը, որ մենք այնտեղ Հայաստանի բանակցային հնարավորությունն ենք զորացնում, մեզ այդ պարագայում մնում է դադարացնել մեր անդամակցությունը միջազգային կազմակերպություններին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

« «Հայաստան» դաշինքի ավելի քան 10 անդամ քաղաքական պատանդ են Նիկոլ Փաշինյանի ձեռքին։ Շատերս միջազգային պատվիրակությունների անդամներ ենք՝ Արմեն Գեւորգանը, Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Իշխան Սաղաթելյանը ես եւս։ Երբ գործընկերներս չունեն Հայաստանի իրավունքները եւ շահերը միջազգային հարթակներում պաշտպանելու հնարավորություն, եւ Հայաստանի քաղաքական իշխանությունը չունի այդ գիտակցությունը, որ մենք այնտեղ Հայաստանի բանակցային հնարավորությունն ենք զորացնում, մեզ այդ պարագայում մնում է դադարացնել մեր անդամակցությունը միջազգային կազմակերպություններին»,- նշեց Լիլիթ Գալստյանը։

Գալստյանի խոսքով՝ սա նաեւ առիթ կտա միջազգային կազմակերպություններում բարձրաձայնելու Հայաստանում առկա քաղաքական ճնշումների մասին։

«Առիթ կտա հնչեցնելու, թե Հայաստանում մարդու իրավունքները եւ քաղաքական բռնաճնշումներն ինչ մակարդակի են։ Մենք ինչ-որ չափով տուժում ենք, որովհետեւ Հայաստանի քաղաքական գունապնակը չի ներկայացվում։ Մեզանից յուրաքանչյուրը բավական փորձառու է միջազգային հարթակներում, եւ մենք ի նպաստ Հայաստանի պետք է գործ անեինք, բայց երբ դատական իշխանությունն ինքն է դարձել Նիկոլ Փաշինյանի ու «Քաղաքացիական պայմանագրի» քիմքի եւ սրտի դատական իշխանությունը, մեզ պայքարի այլ ձեւ չի մնում։ Ուղղակի քարանում ես բարոյականության եւ արժեքների վրա, որոնք դրսեւորվում են այդ վարչապետի կողմից։ Երեկվա Նիկոլ Փաշինյանի բեմելն ինքնահերքում էր։ Ակնեղծորեն, ես շատ անհարմար եմ զգում, որ նման որակումներով անձը շարունակում է լինել Հայաստանի վարչապետը, եւ այս ամենը նաեւ միջազգային անդրադարձ է ունենում։ Սրանք անպատվեր դրսեւորումներ են։»,- ասաց պատգամավորը։