Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ այսպես կոչված 3+3 ձեւաչափի հանդիպմանը, որը նախատեսված է դեկտեմբերի 10-ին, Վրաստանը չի մասնակցի, տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքը՝ հղում կատարելով արտաքին քաղաքական գերատեսչությանը։

Վրաստանը չի դիտարկի այդ ձեւաչափին մասնակցության հնարավորությունը։

«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հստակ դիրքորոշում է արտահայտել այսպես կոչված 3+3 ձեւաչափով տարածաշրջանային համագործակցության նախաձեռնության առնչությամբ, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարը այդ հարցի վերաբերյալ խոսել է վերջերս տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ։ Մենք այդ ձեւաչափին մասնակցությունը չենք դիտարկում, եւ, հետեւաբար, Վրաստանը ներկայացված չի լինի դեկտեմբերի 10-ին նախատեսված այդ հանդիպմանը»,- ասել են ԱԳՆ-ում։

Առաջին հանդիպումը 3+3 ձեւաչափի շրջանակում նախատեսված է վաղը Մոսկվայում։ Այդ մասին տեղեկությունը տարածել է Թուրքիայի ԱԳՆ-ն։ Հանդիպմանը կմասնակցեն Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակությունները փոխարտգործնախարարների գլխավորությամբ։ Վրաստանը չկա մասնակիցների ցուցակում։