ԵՊՀ ամերիկագիտության կենտրոնը կարեւոր դեր կխաղա հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործում։ Այս մասին դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին։ Նա նշանակալից իրադարձություն անվանեց Երեւանի պետական համալսարանում ամերիկագիտության կենտրոնի բացումն ու ամերիկագիտության մագիստրոսական ծրագրի մեկնարկը։ Մագիստրոսական ծրագիրը, նրա խոսքով, հայ ուսանողներին հնարավորություն կտա ուսումնասիրել ամերիկյան քաղաքականությունը, դիվանագիտությունը, տնտեսագիտությունը, ինչպես նաեւ ձեռք բերել հմտություններ, որոնք թույլ կտան ավելի լավ ճանաչել Ամերիկան ​​եւ օգնել հայ հանրությանը՝ հասկանալու նրա իրողությունները: «Մագիստրոսական ծրագիրը կօգնի պատրաստել կադրեր, որոնք կկարողանան ավելի լավ հասկանալ ամերիկյան մոտեցումները եւ ներդրում ունենալ հայ-ամերիկյան հարաբերություններում: Այս ծրագիրը կարեւոր եւ նշանակալից դեր է խաղում երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ խորացման գործում»,-հավելեց Թրեյսին։ 

Դեսպանը նկատեց, որ ծրագրի մեկնարկը համընկնում է երկու կարեւոր տարեթվերի՝ Հայաստանի անկախության 30-ամյակի եւ հայ-ամերիկյան հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ։ Նա հիշեցրեց, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը բացվել է 1991 թվականի դեկտեմբերին, եւ խորհրդանշական է, որ 30 տարի անց ԵՊՀ-ում բացվում է ամերիկագիտության կենտրոնը։

Լին Թրեյսին հույս հայտնեց, որ ամերիկացի ուսանողները նույնպես կկարողանան գալ Հայաստան եւ մասնակցել ծրագրին։ «Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել այն ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Ուզում եմ գոհունակությամբ նշել ԵՊՀ-ի եւ Արիզոնայի համալսարանի համագործակցությունը, ինչպես նաեւ ԵՊՀ-ի եւ ԱՄՆ դեսպանատան համագործակցությունը, որը երկար տարիների պատմություն ունի»,-եզրափակեց դեսպանը։