Սոչիի համաձայնագրերն ամենաբարձր մակարդակով հաստատեցին Հայաստանի եւ Ադրբեջանի` կարգավորմանն ուղղված հետագա քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ե՛վ Երեւանի, ե՛ւ Բաքվի հետ շփումներում մենք աշխատում ենք դրանց հետեւողական իրականացման ուղղությամբ, այդ թվում՝ սահմանային վեճերի կարգավորման, Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման։ Ինչպես եւ համաձայնեցվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ, կարեւոր է Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ աշխատել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ հետագա սահմանագծման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ: Ակնկալում ենք նաեւ հանձնաժողովի կազմում երկու երկրների ազգային պատվիրակությունների շուտափույթ ձեւավորում։ Շարունակվում են նաեւ տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված ջանքերը երկկողմ աշխատանքային խմբի շրջանակներում»,- ասել է նա՝ հավելելով, որ Սոչիի պայմանավորվածությունների կատարման հարցը քննարկվել է դեկտեմբերի 8-ին ՌԴ ԱԳ նախարարի եւ Հայաստանի արտգործնախարարի հեռախոսազրույցի ընթացքում: