Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ մենք ելնում ենք հայտարարություններից եւ գործողություններից զերծ մնալու անհրաժեշտությունից, որոնք կարող են դանդաղեցնել ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, եւ, իհարկե, հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության էսկալացիայի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանի նախագահի հերթական հայտարարությունները։ 

«Կարծում եմ, որ ավելի լավ է հավատարիմ մնալ խնդրին, այլ ոչ թե քաղաքական հայտարարություններին...Մենք որպես միջնորդ անում ենք ամեն ինչ իրավիճակը կայունացնելու համար… Դուք գիտեք մեր սկզբունքային մոտեցումները…Մենք մեր կողմից ամեն ինչ անում ենք, որպեսզի իրականացվեն եւ՛ պայմանավորվածությունները, եւ՛ իրավիճակը․․․դա երբեք չի կարելի երաշխավորել, քանի որ խոսքը հին հակամարտության մասին է, սակայն այսպես թե այնպես մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանում իրավիճակը չվատթարանա»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արցախի բնակիչ Սեյրան Սմբատի Սարգսյանը դեկտեմբերի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար համայնքի տարածքում անասուններ արածեցնելիս գերի էր ընկել։ Դրանից հետո նրան տեղափոխել են ադրբեջանական դիրք, որտեղ էլ նրան սպանել են։