Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 9-ի նիստում բավարարել է «Շարոսոլար» ՍՊԸ-ի հայտը՝ ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

Ներմուծվող սարքավորումներով ընկերությունը նախատեսվում է ՀՀ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքում կառուցել և շահագործել «Շարոսոլար 1»՝ 4810 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայան, որտեղ օգտագործվելու են ժամանակակից տեխնոլոգիաներ, մասնավորապես՝ երկերեսանի արևային վահանակներ և արևային վահանակներ կրող կոնստրուկցիաներ:

Արտադրված էլեկտրաէներգիան վաճառվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագնով: Առկա են նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շնորհված Էլեկտրական էներգիայի արտադրության (հզորության) լիցենզիան՝ մինչև 2041թ.-ի դեկտեմբերի 25-ը գործողության ժամկետով:

Տարեկան արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը կազմելու է 10.5 մլն կՎտ/ժ յուրաքանչյուրը:

Կայանի կառուցման, փորձարկման և գործարկման համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է մոտ 1.8 մլրդ դրամ։ Ներդրումների հիմնական ուղղություններն են հողի ձեռքբերում՝ 17 մլն դրամ, սարքավորումների ձեռքբերում՝ 1.4 մլրդ դրամ, շինարարական և նախագծային աշխատանքներ՝ 350 մլն դրամ։ Ներդրումների շուրջ 1.5 մլրդ դրամն արդեն իսկ իրականացվել է։ Ներկայումս առկա է 3 աշխատատեղ։ Ծրագրի շրջանակներում, 1 տարվա ընթացքում, նախատեսվում է ստեղծել 3 նոր աշխատատեղ՝ 160,000 դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 69.5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 5.5 մլն դրամ: