Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ուղղությամբ հակառակորդը մեծ ինտենսիվությամբ կրակոցներ է հնչեցրել, փորձել է առաջխաղացում ունենալ, սակայն հետ է շպրտվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Այս պահին կոնկրետ չեմ կարող ասել՝ կրակոցները շարունակվում են, թե՝ ոչ, բայց ինձ թվում է հաջողություններ չեն ունենա։ Կրակահերթը եղել է մեծ ինտենսիվությամբ։, Փորձել են առաջխաղացում ունենալ Սոթքի դիրքերի ուղղությամբ, բայց տղաներին հաջողվել է թույլ չտալ իրենց առաջխաղացում ունենալ»,- նշեց Ավետյանը։

Հակոբ Ավետյանը հայտնեց, որ Կութի ուղղությամբ ևս կրակոցներ հնչել են. սակայն վիճակն արագ հանդարտվել է։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։

Երեկ և դրան նախորդող գիշերը ևս ադրբեջանական զինված ուժերը կրակել էին սահմանի նույն՝ Գեղարքունիքի հատվածում, փոխհրաձգություն էր ընթացել, կրակը դադարել էր միայն հայկական կողմի պատասխան գործողություններից հետո։ Նախօրեին հայկական կողմից երկու զինծառայող թեթեւ վիրավորում էր ստացել։