NEWS.am-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հետ։

Ինչո՞վ է պայմանավորված «Հայաստան» խմբակցության կողմից ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջը։

Ինչպես ՔՊ-ականներից մեկն էր ճիշտ բնորոշել իրենց կարգավիճակը, մենք խորհրդարանում ունենք ուսապարկային մեծամասնություն, որն առաջնորդվում է այլ շենքից հրահանգներով։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ ինչպես այդ ուսապարկային մեծամասնությունն այլ շենքից հրահանգով ԱԺ նախագահի պաշտոնում ընտրեց Ալեն Սիմոնյանին, այնպես էլ կողմ չի լինի նրա պաշտոնանկությանը, եթե այլ շենքից այդպիսի հրահանգ չլինի։ Հետևաբար, ցանկանում եմ ընդգծել, որ Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջը նախևառաջ մեր քաղաքական գնահատականն է նրա վարքագծին և հայտարարություններին։

Եթե վստահ եք, որ «Քաղաքացիական պայմաանգիրը» չի քվեարկի Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության օգտին, ի՞նչ այլ մեխանիզմներով եք պատրաստվում հասնել նրա պաշտոնանկությանը։

«Հայաստան» խմբակցությունը Սահմանադրական դատարանում վիճարկում է Ալեն Սիմոնյանի՝ ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու օրինականության հարցը։ Ինչպես հիշում եք, այդ պաշտոնի համար ընդդիմությունն առաջադրել էր նաև Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի թեկնածությունները, սակայն ապօրինի կալանքի տակ գտնվելու պատճառով նրանք, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, չկարողացան հավասար պայմաններում ներկա գտնվել նիստին և զրկվեցին խորհրդարանում իրենց տեսակետները հայտնելու իրավունքից։

Ձեր խմբակցության ներկայացրած պաշտոնանկության նախագծում ասվում է, որ Ալեն Սիմոնյանի գործունեությունը վտանգում է Հայաստանի միջազգային հեղինակությունը։ Արդյո՞ք խոսքը այսպես կոչված «Լավրովի պլանի» մասին նրա արտահայտած մտքերի մասին է։

Նախ, աղետալի վիճակում գտնվող երկրում, երբ ունենք հազարավոր զոհեր, անտուն մնացածներ, հարյուրավոր գերիներ, խեղված ճակատագրեր, երբ գրեթե ամեն օր թշնամին շարունակում է կրակել, սպանել, գերի վերցնել մեր քաղաքացիներին, երբ ոտնահարվում է Հայաստանի ինքնիշխանությունը, ՀՀ ԱԺ նախագահը, իրեն կից մի քանի ՔՊ-ական պատգամավորների հետ, կասկածելի կոռուպցիոն սխեմաների շրջանակներում մեկնում է հունական Միկոնոս՝ թանկարժեք հանգստի, և ինքնամոռաց զվարճանքների է տրվում այնտեղ։  Եվ սա այն դեպքում, երբ դրանից երկու օր առաջ գերիների հարազատների հետ հանդիպմանը աղի արտասուք էր թափում, թե օր ու գիշեր մտածում է գերիների մասին։ Իսկ պետբյուջեի հաշվին էլ գրեթե 200 հազար դոլարանոց BMW պադավատ է իր համար գնում, այն նույն ժամանակ, երբ կառավարությունը մերժում է կենսաթոշակները բարձրացնելու ընդդիմության առաջարկը։

Հիշենք նաև գերիների հետ կապված նրա անթույլատրելի արտահայտությունները, որով Ալեն Սիմոնյանը վնասեց ինչպես թշնամու բանտերում առ այսօր պահվող մեր գերիներին, վիրավորեց նրանց հարազատների և հանրության առողջ հատվածի զգացմունքները, այլև հարված հասցրեց բանակին, ինչով այս իշխանությունները զբաղված են առաջին իսկ օրվանից։

Եվ վերջապես չմոռանանք ստեղծված փխրուն անվտանգային իրավիճակում Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունները, որով նա հերթական սուտը տարածեց, թե կարգավորման ռուսական առաջարկներով Արցախը պետք է հանձնված լիներ։ Հայ-ռուսական հարաբերություններում դիվանագիտական սկանդալի պատճառ դարձած այս հայտարարությունը չափազանց վտանգավոր է և անթույլատրելի։

Էլ չենք ասում ԱԺ նիստերը վարելիս Ալեն Սիմոնյանի դատապարտելի վարքագծի մասին, երբ նա շարունակ գերազանցում է իր լիազորությունները, խտրական պատժամիջոցներ է փորձում կիրառել ընդդիմադիր պատգամավորների հանդեպ և անհարկի լարվածություն է առաջացնում։ Կրկնում եմ, Ալեն Սիմոնյանի հրաժարականը պահանջելով մենք մեր քաղաքական գնահատականն ենք տվել նրա անթույլատրելի վարքագծին և հայտարարություններին, իսկ եթե ուսապարկային մեծամասնությունը դեմ արտահայտվի դրան, ապա Ալեն Սիմոնյանի հետ կկիսի ողջ պատասխանատվությունը։

Ալեն Սիմոնյանի վարքագիծն ու հայտարարություններն անընդունելի են, և քաղաքակիրթ երկրում նա ոչ միայն հրաժարական պետք է տար, այլև ընդհանրապես չզբաղվեր քաղաքականությամբ։