Ես ոչ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, եւ ոչ էլ «Հանրապետություն» կուսակցության հետ կոալիցիա չէի կազմելու։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ հզոր համայնք» կուսակցության համայնքապետի թեկնածու, Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանը։

Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու, ՔՊ-ական Գարիկ Սարգսյանն էլ այսօր հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներով թիվ 13 Տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացրել ինքնաբացարկի դիմումներ:

Սպարտակ Թարթիկյանն ասաց, որ ինքը որեւէ թեկնածուի հետ չի խոսել կոալիցիա կազմելու մասին։

«Մենք մտել էինք պայքարի, որ 50 տոկոսից ավելի հավաքեինք, բայց հիմա չստացվեց։ Արդյունքներն այդպես եղան, ու մենք էլ պատրաստ չենք որեւէ մեկի հետ կոալիցիա կազմել, ու իրենցից էլ որեւէ առաջարկություն չենք ստացել։ Մենք պատրաստ ենք գնալ նորից պայքարի, մենք պայքարում ենք արդարության համար, մենք պայքարում ենք մեր ժողովրդի համար։ Ես ափսոսում, որ պետությունն այսքան ծախսեր է անում։ Այսպիսի ծախսեր չպետք է անեն։ Երբ ես էի համայնքապետը, ամեն լուման ափսոսում էի»,- ասաց նա։

Նշենք, որ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը Վեդիի ՏԻՄ ընտրություններին առավել մեծ քանակով ձայներ էր ստացել՝ 44 տոկոս, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 39 տոկոս, իսկ ավագանի անցած մյուս ուժը «Հանրապետություն» կուսակցությունն էր, որը 17 տոկոս էր հավաքել։