99 տարեկանում մահացել է Չիլիի բռնապետ Ավգուստո Պինոչետի (1915-2006) այրին՝ Լուսիա Իրիարտը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով չիլիական Tercera թերթին։

Իրիարտը մահացել է իր տանը։ Վերջին տարիներին նա թոքերի հետ կապված խնդիրներ ուներ։

Պինոչետի այրու հանդեպ հետաքննություն էր տարվում՝ խարդախության եւ բյուջետային միջոցների յուրացման մեղադրանքով։ Նա կասկածվում էր CEMA հիմնադրամին պետության կողմից նվիրաբերված գույքը ապօրինի վաճառելու մեջ։ 1973 թվականից մինչեւ 2016 թվականի օգոստոսը նա հիմնադրամի ղեկավարն է եղել։

Համարվում էր, որ Իրիարտը զգալի ազդեցություն է ունեցել Պինոչետի վրա՝ նրա կողմից քաղաքական որոշումներ կայացնելիս: Նա մահացել է 2006 թվականի վերջին, երբ տնային կալանքի տակ էր գտնվում։ Պինոչետին մեղադրել են 1973-1990 թվականներին իր կողմից ղեկավարվող ռազմական ռեժիմի ժամանակ մարդու իրավունքների խախտման, ինչպես նաեւ հարկային հանցագործությունների մեջ։ Պաշտոնական տվյալներով՝ բռնապետության տարիներին քաղաքական դրդապատճառներով ավելի քան 3,2 հազար մարդ է սպանվել կամ անհետացել, ավելի քան 37 հազարը՝ խոշտանգումների է ենթարկվել։