Սիրիական կարգավորման հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտեւը Աստանայի ձեւաչափով բանակցություններում թուրքական կողմին հայտարարել է Սիրիայի տարածքային ամբողջականության հարցը լուծելու անհրաժեշտության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով` բոլոր կողմերը շահագրգռված են Սիրիայում իրավիճակի կայունացմամբ, ինչի պատճառով «Աստանայի» գործընթացի երաշխավոր երկրները (Իրան, Ռուսաստան, Թուրքիա) խոսում են Սիրիայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանն իրենց հանձնառության մասին։

«Բայց, ինչպես տեսնում ենք, կան դժվարություններ, դրանք պետք է լուծվեն»,- ասել է Լավրենտեւը Թուրքիայի արտգործնախարարության երկկողմ քաղաքական հարաբերությունների գլխավոր տնօրեն Ունալ Սելչուկի գլխավորած թուրքական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Լավրենտեւի գլխավորած ռուսական պատվիրակությունն արդեն երկկողմանի բանակցություններ է անցկացրել Սիրիայի եւ Իրանի կառավարությունների պատվիրակությունների հետ։

Իրանական պատվիրակության ղեկավար Ալի Ասղար Հաջին Լավրենտեւի հետ բանակցություններից հետո լրագրողներին պատմել է Սիրիայում իրադարձությունների զարգացման հարցում Մոսկվայի եւ Թեհրանի դիրքորոշումների մոտ լինելու մասին։

Դեկտեմբերի 21-ին Նուր-Սուլթանում մեկնարկել են «Աստանայի» ձեւաչափով բանակցությունները Սիրիայում կարգավորման հարցով։ Խորհրդակցություններին, որոնք կտեւեն երկու օր, մասնակցում են երաշխավոր երկրների՝ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունները, ինչպես նաեւ` Սիրիայի կառավարությունը, սիրիական զինված ընդդիմությունը եւ ՄԱԿ-ը։