Հայաստանն ու Վրաստանը մեծ ներուժ ունեն ընդլայնելու համագործակցությունը թվայնացման, հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, կիբերանվտանգության, փոստային ծառայությունների և ստարտափերի ոլորտներում, Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք մեր վրաց գործընկերներին առաջարկում ենք ուսումնասիրել Վրաստանում «ԹՈւՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղ բացելու հնարավորությունը։

Խոսելով առողջապահության ոլորտում համագործակցության մասին՝ պետք է նշեմ, որ համավարակի սկզբից ի վեր Հայաստանն ու Վրաստանն ակտիվ համագործակցում են: Փորձի փոխանակման շնորհիվ մեզ հաջողվեց համատեղ մի շարք կանխարգելիչ գործողություններ իրականացնել։ Կարծում եմ, որ այս ոլորտում անհրաժեշտ է շարունակել զարգացնել երկու երկրների առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակների կառավարման համակարգերի փոխգործակցությունը և միջսահմանային համագործակցությունը, ինչպես նաև անհետաձգելի բժշկական փոխօգնության ապահովումը:

Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ կրթության և գիտության ոլորտներում ակտիվ շփումները մտնում են գործնական փուլ: Վրացական կողմի առաջարկի հիման վրա հայկական կողմն արդեն իսկ ձեռնամուխ է եղել համապատասխան աշխատանքների իրականացմանը, ինչը կնպաստի Վրաստանի հանրակրթական հաստատություններում հայոց լեզու և գրականություն դասավանդող ուսուցիչների ընդգրկմանը ատեստավորման գործընթացում, որի նպատակը մասնագետների որակավորումը բարձրացնելն է: Իր հերթին, մենք կդիտարկենք Հայաստանում վրացերենի ուսուցման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը՝ ակնկալելով վրաց գործընկերների աջակցությունն այս հարցում: Մենք հետաքրքրված ենք Հայաստանում վրացերենի ուսուցման շրջանակի, ծավալների մեծացմամբ, մենք կարծում ենք, որ մեր այս հարաբերությունների շատ տրամաբանական շարունակությունը կլինի, եթե մենք այս ոլորտում կոնկրետ արդյունքներ գրանցենք:

Միաժամանակ, ցանկանում եմ ընդգծել կրթության, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում համատեղ կրթական և հետազոտական ծրագրերի իրականացման հնարավորությունների զարգացման կարևորությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային համագործակցության ձևաչափերով: Հույս ունեմ, որ կկարողանանք արդյունավետ համագործակցել նաև հայերենով ուսուցմամբ հանրային դպրոցների ֆիզիկական ենթակառուցվածքների պահպանման և զարգացման հարցերի շուրջ: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ մեզ համար չափազանց կարևոր է նաև, որ Վրաստանի հայությունը լիարժեք տիրապետի վրացերենին, քանի որ մեր ընկալումն այն է, որ Վրաստանի հայ համայնքը պետք է շարունակի մնալ Վրաստանում կայունությանը, միասնությանը, համերաշխությանը նպաստող գործոն: Վրաստանի կայունությունը, զարգացումը, մեզ համար առավել քան կարևոր է:

Մեր երկրների համար կարևոր է մշակույթի բնագավառում համագործակցության ընդլայնումը, քանի որ մեր ժողովուրդները կարող են միմյանց ներկայանալ հարուստ մշակութային ժառանգությամբ և ներուժով, իսկ հումանիտար ոլորտում համագործակցությունը հատկապես կարևոր է երկու ժողովուրդների միջև բարեկամական ավանդույթների շարունակականության ապահովման առումով: Միաժամանակ վստահ եմ, որ կարիք ունենք հայ–վրացական մշակութային կապերի որակապես նոր օրակարգի ձևավորման, այն է՝ զուտ մասնակցային ձևաչափից անցում կատարել համատեղ մշակութային նախաձեռնությունների դաշտ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելիս միասնական հայտերի ներկայացման սկզբունքի կիրառմամբ: Ուրախ եմ, որ այս ուղղությամբ արդեն իսկ առկա է ակտիվ երկխոսություն:

Խոսելով մշակութային փոխգործակցության մասին՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր վրացի գործընկերներին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի նոր շենքի հիմնանորոգման աշխատանքների իրականացման, ինչպես նաև թատերախմբի գործունեությանը շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:

Հաշվի առնելով արդեն իսկ ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը՝ երկու երկրների զբոսաշրջության զարգացման համար պատասխանատու կառույցները պետք է շարունակեն ջանքեր գործադրել արդյունավետ համագործակցություն ապահովելու ուղղությամբ, մասնավորապես՝ երկու երկրների զբոսաշրջային գործակալությունների կողմից համատեղ փաթեթների մշակման միջոցով։ Այս առումով մեր վրացի գործընկերներին առաջարկում ենք մշակել զբոսաշրջության ոլորտում հայ-վրացական համագործակցության ամրապնդման գործողությունների ծրագիր։ Այս գաղափարը նոր չէ և մենք խոսել ենք և պետք է մեր զբոսաշրջային կազմակերպություններին քաջալերենք, որպեսզի նրանք միասնական փաթեթներ դուրս բերեն շուկա, այսինքն ուղղությունը լինի ոչ թե Հայաստան կամ Վրաստան, այլ ուղղությունը միանգամից լինի Հայաստան և Վրաստան, Վրաստան և Հայաստան: 2019 թվականին Հայաստանը զբոսաշրջության ռեկորդային ցուցանիշ ունեցավ և մեր փորձը ցույց տվեց, որ այս կարգի փոխգործակցությունը շատ արդյունավետ է և կարող է արդյունքների բերել:

Սպորտի և երիտասարդության ոլորտում համագործակցության հետագա զարգացման նպատակով անհրաժեշտ է ակտիվացնել տարբեր մարզաձևերից հավաքական թիմերի համատեղ ուսումնամարզական հավաքների, Հայաստանի և Վրաստանի մարզաբազաներում համատեղ մարզումների, սպորտային բժիշկների ու մարզիչների համար սեմինարների կազմակերպումը:

Նաև Հայաստանի և Վրաստանի շրջանների միջև ապակենտրոնացված համագործակցությունը նույնպես զարգացման մեծ հնարավորություններ ունի: Այս համատեքստում պետք է դիտարկել նաև միջազգային կառույցների կողմից ֆինանսավորվող անդրսահմանային համագործակցության տարբեր ծրագրերին հետագա ներգրավման հնարավորությունը:

Պարոն վարչապետ, եթե Դուք դեմ չեք գաղափարին, ես մտածում եմ օրինակ, որ մեր սահմանամերձ մարզերի, շրջանների ղեկավարների մակարդակով նույնպես կարող ենք որոշակի փոխգործակցության հնարավորություն ստեղծել և փորձենք ապահովել բոլոր մակարդակներում մեր հարաբերությունների զարգացումը:

Նաև բնապահպանության ոլորտում մեծ պոտենցիալ եմ տեսնում, հաշվի առնելով, որ գլոբալ բնապահպանական մարտահրավերներն այլևս վերազգային բնույթ են կրում: Դրանց հասցեագրումը ևս պահանջում է միջազգային համագործակցության ընդլայնում և ջանքերի միատեղում գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում:

Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել միջկառավարական հանձնաժողովի նիստի բոլոր մասնակիցներին՝ նիստն իրականություն դարձնելու և կատարված արդյունավետ աշխատանքի համար։ Վստահ եմ, որ նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները նոր լիցք կհաղորդեն հնարավոր բոլոր ուղղություններով մեր երկկողմ համագործակցությանը», - հայտարարել է Փաշինյանը։