Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը մեր երկրի արտաքին քաղաքականության կարևոր առաջնայնությունների շարքում է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին իր ելությի ժամանակ նշել է ՀՀ վարչճապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացներին:

«Առավել քան համոզված եմ, որ դրա համար գոյություն ունեն բոլոր նախադրյալները:Կասկածից վեր է, որ դարերի խորքից եկող բարեկամությունը, որը խարսխված է ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա, ամուր հենք և պարարտ հող է ստեղծում մեր հետագա համագործակցության համար», - ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ վերջին տարիներին համավարակը բարդագույն մարտահրավերներ է ստեղծել ողջ աշխարհի համար, և հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններն այս առումով ևս բացառություն չեն:

«Համավարակից զատ, Հայաստանի տնտեսության համար հավելյալ բարդություններ են ստեղծվել նաև մեր տարածաշրջանում վերջին զարգացումները և նախորդ տեղի ունեցած պատերազմը։ Այնուամենայնիվ, մեր փոխգործակցությունը կանգ չի առել, և շարունակել ենք աշխատել՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրությամբ ամրագրված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ», - ասել է նա։

Հայաստանի վարչապետի խոսքով՝ հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը չի արտացոլում երկու երկրների ունեցած ներուժը. ակնհայտ է, որ այս առումով երկկողմ համագործակցությունը դեռևս չի հասել ցանկալի մակարդակի, և անհրաժեշտություն կա այն ընդլայնելու։

«Համագործակցության ընդլայնման հնարավորություններ կան արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Այս առումով միջկառավարական հանձնաժողովի այս նիստը պետք է դառնա հնարավորությունները քննարկելու հարթակ՝ տնտեսական հարաբերությունների ամենատարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությունն առավել ընդլայնելու համար։ Նիստի շրջանակներում հույս ունեմ կնախանշենք նաև մեր նպատակներին հասնելու կոնկրետ քայլեր։Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առանցքային նշանակություն ունեն տրանսպորտային ենթակառուցվածքները և լոգիստիկան»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև տրանսպորտային ոլորտում երկկողմ համագործակցությունն առաջնահերթություն է Հայաստանի համար։

«Մենք համագործակցում ենք տրանսպորտային միջազգային մի շարք կառույցների շրջանակներում, մեծ կարևորություն ենք տալիս Պարսից ծոց - Սև ծով միջազգային տրանսպորտային երթուղին և տրանսպորտի ոլորտում այլ նախաձեռնությունների կյանքի կոչմանը։ Հարկ եմ համարում նշել, որ Պարսից ծոցը Սև ծովին կապող ուղին, իրավամբ, կարող է զարկ տալ տարածաշրջանային համագործակցությանը: Ընդ որում, ես ուզում եմ նշել կարևոր մի հանգամանք, որ վարչապետ Ղարիբաշվիլին ընդգծեց, որ մենք Վրաստանի հետ հարաբերությունները դիտարկում ենք ոչ միայն երկկողմ հարթության, այլև տարածաշրջանային համագործակցության տիրույթում: Սա չափազանց կարևոր է մեր հարաբերությունների համատեքստում: Այո, Հայաստանը և Վրաստանը համագործակցության բավականին լուրջ դաշտ ունեն և կարող ենք մենք փոխադարձաբար մեկս մյուսին աջակցել:

Ընդ որում, Պարսից ծոց- Սև ծով երթուղու մասին խոսելիս ուզում եմ ընդգծել, որ այստեղ կա երկու նախագիծ. ավտոմոբիլային երթուղի և երկաթուղային երթուղի: Ավտոմոբիլային երթուղու զարգացման ուղղությամբ մենք իրականացնում ենք Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը, որը հայ-վրացական սահմանը կապում է Հայաստան-Իրան սահմանի հետ: Ճանապարհի առավել արդյունավետ աշխատանքի համար մենք ակտիվ քննարկումների մեջ ենք մեր իրանցի և վրաց գործընկերների հետ ու շատ կարևոր է, որ այստեղ լիարժեք փոխըմբռնման հասնենք: Ընդ որում, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ եթե մեզ հաջողվի Հայաստան-Ադրբեջան ավտոմոբիլային հաղորդակցության վերաբերյալ համաձայնության գալ Արբեջանի հետ, այս նախագիծն էականորեն կփոխվի՝ դառնալով Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք երթուղի», - հայտարարել է ՀՀ վարչապետը։