Պետության պարտականությունն է՝ ապահովել Արմեն Գեւորգյանի մասնակցությունը ԵԽԽՎ աշխատանքին։ Այս մասին հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին մասնակցելու նպատակով Գեւորգյանի Ստրասբուրգ մեկնելու միջնորդության քննարկման ընթացքում։

Նախկին նախագահը հիշեցրեց, որ դատարանը նախկինում արդեն մերժել է նման թույլտվություն տալ, բայց այն ժամանակ իրավիճակն այլ էր՝ Գեւրոգյանի մանդատը դեռեւս հաստատված չէր ԵԽԽՎ-ում։ «Հիմա իրավիճակն այլ է»,- հիշեցրեց նա։

Խոսելով պատգամավորների անձեռնմխելիության եւ քրեական հետապնդման հետ կապված դատախազների՝ ՍԴ որոշման մեկնաբանությունների մասին, Քոչարյանն ասաց. «Ինձ զարմացնում են ՍԴ որոշման աբսուրդի հասնող մեկնաբանությունները»։ Այստեղ դատախազները առարկեցին, դատավորն ընդունեց առարկությունը։

«Երբ մասնակցությունը ԵԽԽՎ-ին համեմատում են կաբինետում նստած աշխատանքի հետ, չեմ կարող այլ կերպ մեկնաբանել։ Աբսուրդն է՞լ է վատ արտահայտություն»։ Բայց այդ բառը հենց այն է, ինչով ես կարող եմ բնութագրել նման իրավիճակը։ Այս երկրի պարտականությունն է ապահովել Գեւորգյանի մասնակցությունը»,- ասաց Քոչարյանը։