ՀՀ նախկին փոխվարչապետ, ներկայումս ԱԺ պատգամավոր Արմեն Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդությունը ներկայացրեց դատարան նիստերի օրերը վերանայելու համար։

Նա հայտնեց, որ դեկտեմբերի 28-ից հունվարի 15-ը գտնվելու է արձակուրդում եւ երկրից դուրս։ Դեկտեմբերի 28-ի նիստին եւս ներկա չի լինի։ Փաստաբանը դատարանին ներկայացրեց ԱԺ նիստերի եւ ԵԽԽՎ նիստերի օրերը, որոնց պետք է ներկա գտնվի Արմեն Գեւորգյանը։ 

Հիշեցնենք, որ այժմ դատական ​​նիստերն անցկացվում են երեքշաբթի օրերին։

Հաշվի առնելով այն, որ ժամը 15:00-ին փաստաբանը Վերաքննիչ դատարանում նիստ ունի, Սահակյանը խնդրեց նիստը հետաձգել։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը համաձայնեց գործընկերոջ հետ՝ հիշեցնելով, որ երեքշաբթի օրերի նիստերը ֆիքսված չեն, եւ ՔԴՕ-ն ենթադրում է, որ յուրաքանչյուր հաջորդ նիստ նշանակվում է։

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հեգնանքով նկատեց, որ փաստաբանի ներկայացրած գրաֆիկը հաշվի առնելով նիստեր չեն լինի ոչ միայն այս տարի, այլեւ հաջորդ տարի։ «Ես այդպես էլ ասում էի, որ ՍԴ որոշումը կմեկնաբանվի այս ոգով»,-ասաց Գեւորգյանը։ Միջնորդությանը դեմ  հանդես գալով՝ դատախազը անտրամաբանական համարեց մեկ նիստի հետաձգումը՝ հաջորդ նիստին փաստաբանի մասնակցությունն ապահովելու համար։

Լսելով կողմերին՝ դատավոր Դանիբեկյանը որոշեց նիստերն անցկացնել առկա գրաֆիկով։ Միաժամանակ, դեկտեմբերի 28-ից հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում նիստեր չեն նշանակվի։ Վերաքննիչ դատարանում նիստի վերաբերյալ Դանիբեկյանը հիշեցրեց մի նիստին մյուսի հաշվին մասնակցելու անթույլատրելիության մասին, սակայն բացառություն արեց։

Հաջորդ նիստը կկայանա 2022 թվականի հունվարի 18-ին ժամը 13:00-ին։ Այսպիսով՝ գործընթացը կրկին մեկ ամսով հետաձգվեց։