Լիբանանին անհրաժեշտ է 12-15 միլիարդ դոլար ստանալ իր գործընկերներից՝ տնտեսության վերականգնումը սկսելու եւ արտարժույթի պահուստներն ուժեղացնելու համար: Այս մասին հայտարարել է կենտրոնական բանկի ղեկավար Ռիադ Սալամեն։

Լիբանանը պայքարում է աննախադեպ տնտեսական ճգնաժամի դեմ, որը Համաշխարհային բանկն անվանել է ժամանակակից պատմության մեծ ծանրագույններից մեկը: Բնակչության ավելի քան 80 տոկոսն ապրում է աղքատության մեջ, իսկ արժույթը «սեւ շուկայում» կորցրել է իր արժեքի ավելի քան 90 տոկոսը՝ քաղաքական վեճերի պատճառով, որոնք հետաձգել են Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համաձայնագրի կնքումը։

«Մեր քվոտան Արժույթի միջազգային հիմնադրամում 4 միլիարդ է կազմում»,- AFP-ին տված հարցազրույցում ասել է Սալամեն: «Եթե երկրները դրան ավելացնեն, մենք կարող ենք հասնել 12-15 միլիարդի՝ գումար, որը կարող է օգնել սկիզբ դնել Լիբանանի վերականգնմանը եւ վերականգնել վստահությունը»,- ասել է նա:

Լիբանանն անցյալ տարի առաջին անգամ իր պարտքի դեֆոլտ հայտարարեց, սակայն քաղաքական առաջնորդները շարունակում էին դիմակայել այն հիմնական բարեփոխումներին, որոնք դոնորները պահանջում էին անհրաժեշտ միջոցներն ազատելու համար: Մինչդեռ կենտրոնական բանկի պարտադիր դոլարային պահուստներն կրճատվել են ավելի քան կիսով չափ։

«Պարտադիր պահուստները կրճատվել են մինչեւ 12,5 միլիարդ դոլար»,- ասել է Սալամեն, որին բոլորը համարում են տնտեսական փլուզման հիմնական մեղավորը, որը, ըստ նրանց, մասամբ պայմանավորված է կենտրոնական բանկի քաղաքականությամբ:

Պարտադիր պահուստները մինչեւ 2019 թվականի տնտեսական ճգնաժամի սկիզբը կազմում էին 32 միլիարդ դոլար։

Արագ նվազող պաշարները սպառնում են սուբսիդավորման ծրագրին, որն ի սկզբանե ընդգրկում էր վառելիքը, դեղորայքը, ալյուրը եւ հիմնական ներմուծվող այլ ապրանքները։

Սալամեի խոսքով՝ կենտրոնական բանկը կարող է իրեն թույլ տալ «վեցից ինը ամիս» ֆինանսավորել մնացած մի քանի ներմուծվող հիմնական ապրանքների մասնակի սուբսիդավորումը, եթե լրացուցիչ միջոցներ չձեռնարկվեն լիբանանյան ֆունտի արժեզրկման դեմ պայքարելու համար:

Պաշտոնական ֆիքսված փոխարժեքը «այլեւս իրատեսական չէ»,- ասել է Սալամեն՝ բացատրելով, որ միասնական փոխարժեքը քիչ հավանական է ԱՄՀ-ի հետ համաձայնագրի եւ քաղաքական կայունության բացակայության դեպքում:

Անցյալ տարի Լիբանանը բանակցություններ էր սկսել ԱՄՀ-ի հետ, որոնք վերսկսվել են վերջին շաբաթներին։ Դրանց ընթացքում լիբանանցի պաշտոնյաները համաձայնել են, որ ֆինանսական հատվածի կորուստները մոտ 69 միլիարդ դոլար են կազմում: