Հայաստանի իշխանություններն այսօր Ղարաբաղ չեն այցելում: Չեմ զարմանա, եթե վաղը հրաժարվեն այցելել Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ Թուրքիային հաճոյանալու համար։ Այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Թեւան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան ոչ մի կերպ չի հրաժարվի իր նախապայմաններից։ «Գործող իշխանության վերընտրությունը լրացուցիչ կորուստներ եւ ձախողումներ ապահովեց մեզ համար»,- ասաց Պողոսյանը։

Քաղաքագետի խոսքով` Հայաստանը չկարողացավ հսկայական թվով ճգնաժամեր ու մարտահրավերներ հաղթահարել, որոնք նախկինում կային եւ էլ ավելի սրվեցին եւ որոնք առաջացան նոր իշխանությունների գալուց հետո։ «Խոսքը ե՛ւ ֆինանսական ճգնաժամի, ե՛ւ դիվանագիտության, անվտանգության ոլորտում ճգնաժամի մասին է, եւ ամենակարեւորը, իմ կարծիքով, բարոյահոգեբանական ճգնաժամն է, որն ազդել է յուրաքանչյուրի վրա։ Ընդ որում, այս բոլոր ճգնաժամերը շարունակում են սրվել»,- պարզաբանեց ՀԿ նախագահը։