Ռուսաստանը Թուրքիային իր օգնությունն է առաջարկել Իդլիբում ահաբեկիչների դեմ պայքարի խնդիրների լուծման համար, համապատասխան նախաձեռնությունն այժմ դիտարկվում է թուրքական կողմում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի սիրիական կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը Աստանայի ձեւաչափով Սիրիայի հարցով 17-րդ միջազգային հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեր կողմից մենք թուրքական կողմին մեր օգնությունն ենք առաջարկել Իդլիբի դեէսկալացիայի գոտում ահաբեկիչների դեմ պայքարի խնդիրների լուծման հարցում։ Իսկ հարցն այժմ թուրքական կողմից քննարկման փուլում է։ Մենք մեծ հույս ունենք, որ հաջորդ տարին այս առումով դրական արդյունքներ կբերի, եւ մենք կկարողանանք ձերբազատվել ահաբեկչական սպառնալիքից, որը գալիս է Իդլիբի տարածքից»,- ասել է նա։

Լավրենտեւի խոսքով՝ թուրք պաշտոնյաները վստահեցրել են ռուսական կողմին, որ իրենց զինվորականները կլքեն Սիրիան, հենց որ հնարավորություն ընձեռվի։ «Մեր թուրք գործընկերները մեզ անընդհատ հայտարարում են, ընդգծում, որ կողմ են Սիրիայի տարածքային ամբողջականությանը, Սիրիայի միասնությանը, դրա անկախությանը, որ իրենք այնտեղ են ժամանակավոր եւ կհեռանան, հենց որ հնարավորություն ընձեռվի»,- ասել է նա։

Ինչպես ընդգծել է Լավրենտեւը, ԱՄՆ-ի հետ կապված իրավիճակը փոքր-ինչ այլ է. «Վաշինգտոնում իսկապես հայտարարում են, որ մտադիր են մնալ Սիրիայում, ԱնդրԵփրատում բավական երկար, անորոշ ժամանակով, ինչը, իհարկե, բացարձակապես անընդունելի է։ Եվ խոսքը ոչ միայն Անդրեփրատում մնալու մասին է, այլ նաեւ` Էթ-Թանֆի 55 կիլոմետրանոց գոտու»,- ասել է հատուկ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը համոզված է, որ Սիրիայի հարավում լարվածության շարունակման հիմնական պատճառն ամերիկյան ներկայությունն է։ «Մենք համոզված ենք, որ շատ մեծ թվով գոյություն ունեցող խնդիրներ` ոչ միայն հարավային Սիրիայում, այլ նաեւ Անդրեփրատում, կարող են լուծվել այդ տարածքներից ամերիկացիների դուրսբերման միջոցով,- հավելել է դիվանագետը։- Ամերիկացիների հետ շփումներում մենք փոխանցում ենք նրանց մեր մտահոգությունները եւ խնդրի լուծում ենք առաջարկում»։

Թուրքիան իր հարթակն է առաջարկել «Աստանայի եռյակի» երկրների (Ռուսաստան, Իրան, Թուրքիա) արտգործնախարարների հանդիպման համար։ «Մենք պայմանավորվեցինք անցկացնել Աստանայի եռյակի արտգործնախարարների նախնական հանդիպումը, մեր թուրք գործընկերները սիրով առաջարկում են իրենց հարթակը նման հանդիպման համար»,- ասել է նա։

Լավրենտեւը հավելել է, որ Թեհրանի ձեւաչափով երեք երկրների ղեկավարների շուտափույթ հանդիպում է ակնկալում: «Իհարկե, մենք հասկանում ենք, որ այժմ չենք կարող կոնկրետ ժամկետներ նշել։ <...> Մենք ակնկալում ենք հնարավորինս շուտ հանդիպում անցկացնել, բայց` կախված ներդրվող կորոնավիրուսային սահմանափակումներից»,- հավելել է հատուկ ներկայացուցիչը։