Թուրքական դատարանը հինգշաբթի որոշել է կալանքի մեջ թողնել իրավապաշտպան Օսման Կավալային, տեղեկացնում է NTV հեռուստաալիքը։

Հոկտեմբերին ԱՄՆ, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի եւ Նոր Զելանդիայի դեսպանները կոչ էին արել ազատ արձակել Կավալային, ինչից հետո հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱԳՆ-ին հանձնարարել էր դիվանագետներին պերսոնա նոն գրատա հայտարարել։ Ավելի ուշ այդ երկրների դիվանագիտական առաքելությունները հայտարարել էին, որ մտադիր են հարգել օրենքները եւ թուրքական ղեկավարության որոշումները։ Դրանից հետո ճգնաժամի հարցը լուծվել էր։

Կավալան կալանավորվել էր Ստամբուլի օդանավակայանում 2017թ. հոկտեմբերի 18-ին։ Նույն թվականի նոյեմբերի 1-ին դատարանը որոշել էր կալանավորել նրան «սահմանադրական կարգը եւ գործող կառավարությունը տապալելու փորձի» համար։ Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ իրավապաշտպանը հանցակից է բողոքի ակցիաների գործում, որոնք տեղի են ունեցել 2013թ.։

Այս տարվա փետրվարին Ստամբուլի դատարանը վճիռ կայացրեց արդարացնել եւ ազատ արձակել ակտիվիստին, բայց նույն օրն ավելի ուշ դատախազությունը նորից արտոնեց նրա կալանավորումը։