Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շահագրգռված են խաղաղությամբ Անդրկովկասում։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Ես անձամբ մեծ ջանքեր եմ գործադրել այս գործընթացում: Ես բազմիցս խոսել եմ նախագահ Ալիեւի, վարչապետ Փաշինյանի հետ՝ հանդես գալով այս նախաձեռնությամբ։ Վրաստանը միշտ ունեցել եւ շարունակում է ճիշտ տեղ ու դեր ունենալ Կովկասում, եւ մենք պետք է ամրապնդենք այդ ուղղությունը»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նա նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ձգտում են երկու երկրների հարաբերությունները տեղափոխել նոր մակարդակ, երբ հնարավոր կլինի քննարկել ենթակառուցվածքային, առեւտրային, տնտեսական եւ այլ նախագծեր։ Ղարիբաշվիլին կարծում է, որ ինքը կարեւոր դեր է խաղում դրանում։
Հիշեցնենք, որ Թբիլիսին բազմիցս հանդես է եկել Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցությունների հարթակ տրամադրելու առաջարկով։ Ալիեւն ու Փաշինյանը հայտարարել են, որ, որպես միջնորդ, Ռուսաստանի կարեւոր դերն են տեսնում: