Հատուկ պատժիչ ծառայությունը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն Գորիի զինվորական հոսպիտալից վերադարձրել է Ռուսթավիի թիվ 12 բանտ, որտեղ գտնվում էր կալանավորման օրվանից, տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։

Սաակաշվիլու տեղափոխումը նախատեսվում էր դեռեւս դեկտեմբերի 27-ին, բայց պատժիչ ծառայությունը հետաձգել էր տեղափոխումը նախկին նախագահի առողջական վիճակի վատացման պատճառով։ Ինչպես պատմել է ինքը՝ Սաակաշվիլին, նա կորցրել էր գիտակցությունը, երբ դիմադրություն էր ցուցաբերում նրանց, ովքեր փորձում էին նրան տանել զինվորական հոսպիտալից։

«Այդ մարդիկ կոնկրետ առաջադրանք էին ստացել, որ Սաակաշվիլին պետք է Նոր տարին դիմավորի բանտում, եւ նրանք կատարում են այն»,- հոսպիտալի մոտ լրագրողներին ասել է նախկին նախագահի կողմնակից, ամենախոշոր ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Լեւան Խաբեիշվիլին։

Նա հիշեցրել է Սաակաշվիլու խոսքերի մասին, որն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե իրեն հոսպիտալից բանտ տանեն, նա կվերսկսի հացադուլը։

Հատուկ պատժիչ ծառայությունն առայժմ հայտարարություններ չի արել։ Ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարար Ռաթի Բրեգաձեն հայտարարել էր, որ համաձայն բժիշկների եզրակացության՝ նախկին նախագահն արդեն ապաքինվել է եւ պետք է վերադառնա բանտ։ Սաակաշվիլու կողմնակիցները, նրա փաստաբաններն ու անձնական բժիշկը պնդում են, որ նախկին նախագահը դեռ պետք է բուժվի։

Գորիի հոսպիտալում նախկին նախագահը բուժում էր ստանում նոյեմբերի 20-ից, 50-օրյա հացադուլից հետո, որը նա հայտարարել էր կալանավորման օրը՝ հոկտեմբերի 1-ին։

Հեռուստաալիքների տվյալներով՝ Ռուսթավիի բանտում ուժեղացված են անվտանգության միջոցները, բանտի մոտ բերվել է հատուկ տեխնիկա։

Սաակաշվիլին կալանավորվել էր երկու դատավճիռների հիման վրա, որոնք նրա հանդեպ կայացվել էին հեռակա։ Նա վեց տարվա բանտարկություն է ստացել։