2021-ին 572 կմ ճանապարհ է կառուցվել, ինչը բավական լավ ցուցանիշ է. եթե դրան գումարենք սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքները, այնտեղ նույնպես ունենք ասֆալտապատման ու սալիկապատման աշխատանքները, բոլորը միասին կստանանք 750 կմ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 30-ին կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նա տեղեկացրեց, որ Տաթեւ-Լծեն 20 կմ-անոց ճանապարհի 13 կմ-ի հողային աշխատանքներն արդեն արված են. «Հայաստանի պատմության մեջ սա ամենամեծ ճանապարհաշինական ծրագիրն է: 20 կմ ամբողջովին նոր, լեռնային բարդ պայմաններում ճանապարհ ենք կառուցում: Այս տարին կառանձնանա նաեւ նրանով, որ 7-8 վայրերում ոչ մի օր շինարարական աշխատանքները չեն դադարի:

Հիմնանորոգման աշխատանքները կատարվել են 95 տոկոսով, միջին նորոգման աշխատանքները՝ 100 տոկոսով, վարկային պայմանագրերով աշխատանքները՝ մոտ 94 տոկոսով»,-ասաց Սանոսյանը:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այսօր տասնյակ բնակավայրերի ճանապարհներ կան, որոնք անցանելի չեն եղել, այսօր ժամանակակից ճանապարհ ունեն: