Ադրբեջանի Միլի մեջլիսը լիագումար նիստում երրորդ ընթերցմամբ ընդունել է «Մեդիայի մասին» աղմկահարույց օրինագիծը։ Այս մասին տեղեկացնում է Turan-ը։

«Պատգամավորները հաշվի չեն առել բազմաթիվ լրագրողների եւ ԶԼՄ-ների՝ անհրաժեշտ փոփոխություններ կատարելու բողոքներն ու պահանջները։

Միեւնույն ժամանակ,  արվել են մի շարք ոչ էական լրացումներ, որոնք ոչ մի կերպ չեն ազդել փաստաթղթի ընդհանուր բնույթի վրա։

Մասնավորապես, 13-րդ հոդվածում լրացում է կատարվել, որ մեդիա-սուբյեկտները պետք է հղում կատարեն տեղեկատվական գործակալությունների նյութն օգտագործելիս։

Հոդված 14-ում լրացրել են, որ ներկայացվող փաստերը պետք է մեկնաբանվեն օբյեկտիվ կերպով, չպետք է միակողմանի մոտեցում լինի։

Վերջապես, հոդված 30-ում լրացրել են, որ «ինտերնետով աուդիովիզուալ ծրագրերի հեռարձակմամբ զբաղվողները կարող են պլատֆորմային հեռարձակողի արտոնագիր ստանալ անձնապես դիմելու միջոցով»։

Այսպիսով,  որեւէ սկզբունքային բան չի փոխվել։ Օրենքը խիստ կսահմանափակի լրագրողների եւ սոցցանցերի օգտատերերի իրավունքները։ Գործնականում ցանկացած հրապարակում, տեսանյութ կամ կարծիք, ինչպես եւ անձնական կարծիք հայտնելը կարող են մեկնաբանվել որպես օրենքի խախտում»,- գրում է պարբերականը։