ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ.

«ԱԻ պետական ծառայության հարգելի աշխատակիցներ, սիրելի հայրենակիցներ
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝ Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ:
Տարեմուտը լավագույն առիթն է արժևորելու և գնահատելու անցնող տարին, կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները, միաժամանակ նախանշելու անելիքների այն համալիրը, որոնք անհրաժեշտ ու կարևոր են, և պահանջում են յուրաքանչյուրիս նվիրումը:
Հետպատերազմյան շրջանը լի էր փորձություններով ու դժվարություններով, սակայն համակարգի համախմբված և միասնական աշխատանքի արդյունքում՝ մեզ հաջողվեց դիմակայել բոլոր մարտահրավերներին:
Առանձին շնորհակալություն եմ ուզում հայտնել որոնողա-փրկարարական աշխատանքները կազմակերպելու համար ստեղծված «Օպերատիվ շտաբի» բոլոր անդամներին՝ ծառայության նախկին տնօրեն, այժմ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի գլխավորությամբ, ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերին, ովքեր անցնող տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում իրականացրել են որոնողական աշխատանքներ, հայտնաբերել ու տարհանել զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ, դրանով՝ որոշակիորեն սփոփել հարյուրավոր քաղաքացիների վիշտն ու սպասումները:
Ամբողջ տարվա ընթացքում ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը, հրշեջ-փրկարարական մասի ծառայողները, սակրավորական խմբերը, ծառայության կենտրոնական ու շրջանային բաժինների անձնակազմը, օր ու գիշեր, առանց հանգստի ու ծառայության հստակեցված ժամերի, ծառայել են մեր ժողովրդին, հաճախ վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը:
2022-ն էլ պայքարի տարի կլինի: Վստահ եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք պատվով հաղթահարել բոլոր դժվարությունները:
Թող նոր տարին լինի հզորացման, բարգավաճման և նորանոր ձեռքբերումների ու նվաճումների տարի:
Նոր տարում բոլորիս մաղթում եմ խաղաղություն, առողջություն, անձնական ու աշխատանքային ձեռքբերումներ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: