Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) նախագահությունը 2022թ. Ղազախստանից անցել է Ղրղզստանին։ Հանրապետության իշխանությունները մտադիր են նոր տարում նպաստել միության երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը եւ տրանսպորտային միջանցքների զարգացմանը։

Ղրղզստանի 2022թ. տնտեսական ծրագրերի մասին դեկտեմբերի 16-ին պատմել էր հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը Բիշքեկում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հետ հանդիպման ժամանակ։ Ժապարովը նշել էր, որ կորոնավիրուսի համավարակը հանգեցրել է եկամուտների նվազման, գործազրկության, ինչպես նաեւ միության անդամ պետությունների միջեւ կապերի խզման խորացման։ Նա ընդգծել էր, որ պետք է լիարժեք օգտագործել յուրաքանչյուր պետության մրցակցային առավելությունները եւ նշել էր, որ հանրապետությունը պատրաստ է դիտարկել եւ վերլուծել ԵՏՀ բոլոր առաջարկները։

Ժապարովի խոսքով՝ կարեւոր է 2022 թվականը նվիրել ներդրումային եւ կոոպերացիոն համագործակցության ամրապնդմանը, տրանսպորտային միջանցքների զարգացմանը, առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը՝ նոր հեռանկարային շուկաներ դուրս գալու հեռանկարով։ Բացի այդ, ինչպես նշել է Ղրղզստանի նախագահը, անհրաժեշտ է հատուկ ուշադրություն հատկացնել կլիմայական օրակարգին, կանաչ տեխնոլոգիաների ներդրմանը, էլեկտրոնային առեւտրի ոլորտում ներդրումների իրականացմանը, ինչպես նաեւ համատեղ բարձրտեխնոլոգիական նախագծերի մշակմանը, որոնք կարող են դառնալ ԵՏՄ խորհրդանիշները։