Արեւմտյան լրատվամիջոցներն ու հասարակական կազմակերպությունները, ինչպես նաեւ ընդդիմության ներկայացուցիչները նշում են, որ Ալմաթիի կենտրոնում զինվորականները կրակում են ցուցարարների վրա, որոնց մեծ մասն անզեն երիտասարդներ են։ Արդյոք դրան մասնակցում են արդեն ժամանած ռուս խաղաղապահները, թե ոչ` չի հաղորդվում:

Արեւմտյան ռուսալեզու «Իրական ժամանակ» հեռուստաալիքի եթերում կրակոցների մասին տեղեկությունը հաստատել է քաղաքում բնակվող Ղազախ-գերմանական համալսարանի պրոֆեսոր Ռուստամ Բուրնաշեւը։ Ինչպես հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայության թղթակիցը, կրակոցները սկսվել են տեղական ժամանակով 18.43-ին (Երեւանի ժամանակով 16.43-ին): Նրա խոսքով` Նազարբաեւի պողոտայի կողմից զրահամեքենաները շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ եւ կրակ են բացել ավտոմատներից:

Ղազախստանի Դեմոկրատական ​​կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Այգերիմ Տուլեուժանովայի խոսքով՝ հրապարակ եկողների մեծամասնությունն անզեն երիտասարդներ են։ Ըստ «Իրական ժամանակ»-ի՝ բախումներ կարող են տեղի ունենալ նաեւ քաղաքի հյուսիսում՝ Շանիրակ միկրոշրջանում, քաղաքային հիվանդանոցներում գերծանրաբեռնված են դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքները։

Ալմաթիի հրամանատարի պաշտոնական ներկայացուցիչը հունվարի 6-ին տեղի ունեցած կրակոցների մասին հայտարարել էր, որ Ալմալիի շրջանի ոստիկանական շտաբի մոտ «ահաբեկիչներ են չեզոքացվել»՝ փաստացի չհերքելով բազմաթիվ զոհերի առկայությունը։ Ղազախստանի իշխանությունները սկսեցին խոսել «ահաբեկիչների» հայտնվելու մասին այն բանից հետո, երբ կորցրեցին վերահսկողությունը երկրում իրավիճակի նկատմամբ։

Այս պահին տարբեր աղբյուրներ համաձայն են, որ կա առնվազն 30 սպանված ցուցարար, իսկ իշխանությունները հայտնում են անվտանգության 13 աշխատակցի մահվան մասին։

Երեւանի ժամանակով 19.45-ի դրությամբ իրադարձությունների զարգացման մասին նոր տեղեկություն չի ստացվել: