Փոքր մարսիական Ingenuity ուղղաթիռը գերազանցել է բոլոր սպասելիքները՝  ամենալավատեսական կանխատեսումներում խոստացածից ավելի երկար ապրելով։ Սարքն արդեն պատրաստվում է 19-րդ թռիչքին, թեեւ ի սկզբանե նախատեսված էր ընդամենը 5-ի համար, եւ սա կլինի դրա առաջին առաքելությունը 2022 թվականին։ Բացի այդ, այն դժվար կլինի, քանի որ մեքենան դժվարությամբ օդ կբարձրանա, գրում է 3dnews.ru-ն՝ վկայակոչելով slashgear.com-ը։

Թռիչքը կարող է տեղի ունենալ շատ մոտ ապագայում, եւ այն կանցնի Հարավային Սեյտա շրջանից, որտեղ այժմ գտնվում է ուղղաթիռը, լեռնաշղթայի միջով եւ ավելի բարձր՝ դեպի բարձրավանդակ երթուղիով։ Այլ կերպ ասած՝ այն կրկնում է իր նախկին քայլերը, բայց շարժվում է հակառակ ուղղությամբ։ Ingenuity-ը վերադառնում է այնտեղ, որտեղ այն ի սկզբանե տեղակայվել էր՝ Perseverance մարսագնացի վայրէջքի վայր:

Նոր թռիչքը խոստանում է դժվար լինել: NASA-ի տվյալներով՝ ուղղաթիռն «անդեմ ավազոտ տարածքում» է հայտնվել։ Մի կողմից, դա լավ է, քանի որ պետք չէ խուսափել բախումներից որեւէ խոչընդոտի հետ: Մյուս կողմից, սա իսկական մարտահրավեր է սարքի նավիգացիոն համակարգի համար։ Այն հիմնված է դեպի ներքեւ ուղղված տեսախցիկի վրա, որտեղից կազմված է տարածքի քարտեզը։ Բայց այժմ այդ քարտեզը դատարկ կտավի տեսք ունի, եւ նավիգացիոն հարթակը պետք է շատ ջանք գործադրի նկարում որւեէ տարբերակիչ առանձնահատկություն գտնելու համար, որոնք կարող են որպես կողմնորոշիչ ծառայել: Ingenuity-ի 18-րդ թռիչքի վերջին փուլում դա որոշ բարդություններ առաջացրեց։

Ըստ NASA-ի ինժեներների՝ 19-րդ թռիչքը կտևեւի մոտ 100 վայրկյան։ Շարժվելով մոտ 1 մ/վ արագությամբ՝ ուղղաթիռը կբարձրանա մինչեւ 10 մ բարձրություն եւ կթռնի 63 մ՝ լուսանկարելով թռիչքի ընթացքում։