Ընկերուհու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված եւ կնոջ սպանության մեջ կասկածվող ամերիկացի միլիոնատեր Ռոբերտ Դյորսթը մահացել է 78 տարեկանում, գրում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով New York Post-ը։

Պարբերականի տվյալներով՝ վերջին ամիսներին նա առողջական խնդիրներ ուներ։ Անցյալ տարեվերջին նա միացվել էր թոքերի արհեստական օդափոխության սարքին կորոնավիրուսով վարակվելուց հետո: Նա նաեւ միզապարկի քաղցկեղ ուներ։ Կալիֆորնիայի պատիժների կատարման դեպարտամենտի պաշտոնյաները հաստատել են, որ Դյորսթը մահացել է բնական մահով հիվանդանոցում:

Հոկտեմբերին նա դատապարտվել էր ցմահ բանտարկության՝ իր երկար տարիների վստահված անձ Սյուզան Բերմանի դաժան սպանության համար, իսկ կարճ ժամանակ անց մեղադրվեց 1982 թվականին իր կնոջ՝ Քեթլին Դյորսթի սպանության մեջ։

Բացի այդ, 2001 թվականին Դյորսթը հետախուզվում էր մի քանի նահանգներում այն ​​բանից հետո, երբ հայտնաբերվեցին նրա հարեւանի՝ Տեխասի Գալվեսթոն ծոցում լողացող մարմնի մասերը: Նա թաքնվում էր Գալվեսթոնում՝ Դորոթի Սայներ անունով ծեր համր կնոջ կերպարանքով։ Ավելի ուշ նա արդարացվել է, քանի որ սպանությունն ինքնապաշտպանություն էր ճանաչվել:

Դյորսթը ծնվել է 1943 թվականի ապրիլի 12-ին անշարժ գույքի մագնատ Սեյմուր Դյորսթի եւ նրա կնոջ՝ Բեռնիս Հյորշթեյնի ընտանիքում։ Նրա մայրը մահացել էր, երբ նա 7 տարեկան էր, Վյոսթչեսթեր կոմսությունում գտնվող ընտանեկան տան տանիքից ընկնելուց կամ ցած նետվելուց հետո:
Դյորսթին նկարագրում են որպես միայնակի, ով տանջում էր իր եղբայրներին եւ քույրերին: