Բրիտանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ միջնադարում ձիու միջին չափը շատ ավելի փոքր է եղել, քան ընդունված է կարծել, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով The Guardian-ին։

Հետազոտողներն ուսումնասիրել են ձիերի 2000 մնացորդներ, որոնք ապրել են IV եւ XVI դդ. միջեւ ընկած ժամանակաշրջանում։ Գիտական աշխատանքի արդյունքում պարզվել է, որ ձիու միջին չափը եղել է 1,24 մետր։ Դա այնքան էլ չի գերազանցում ժամանակակից պոնիի չափը։

Գիտնականները նշել են, որ կարող էին եւ ավելի մեծ ձիեր էլ եղած լինել։ Այնուամենայնիվ, բանակներին առաջին հերթին անհրաժեշտ էին փոքր չափի ձիեր այնպիսի խնդիրների կատարման համար, ինչպիսին են նահանջող թշնամուն հետապնդելը, հեռավոր արշավներ կատարելը եւ ասպազենի տեղափոխումը։

«Մարտական ձիերը հանրահայտ գործերում հաճախ պատկերվում են Շայր ձիու չափով (ծանրաքարշ ձիերի բրիտանական ցեղատեսակ, որոնց բարձրությունը երբեմն գերազանցում է երկու մետրը)։ Իրականում այդպես չի եղել։ Միջնադարի ձիերի մեծ մասը զարմանալիորեն փոքր չափերի է։ Շատ քչերն ունեն այնպիսի չափեր, ինչպես ֆիլմերում է կամ ցուցահանդեսներում»,- ասել է Էքստերի համալսարանի հնագիտության դեպարտամենտի պրոֆեսոր Ալան Ութրամը։