Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման նպատակով խորհրդակցությունները շատ դանդաղ են ընթանում: Երեքշաբթի նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը` ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Քննարկումները շարունակվում են, բայց մեր տեսանկյունից` շատ դանդաղ»,- ասել է նախարարը։ Դա, նրա խոսքով, «նվազեցնում է իրատեսական ժամկետներում իրանական ատոմի շուրջ կողմերի շահերին համապատասխանող համաձայնության հասնելու հնարավորությունները»: «Մենք դեռ հեռու ենք համաձայնության հասնելուց», - ասել է Լը Դրիանը:

ԳՀՀԾ-ն Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​«հնգյակի» եւ Գերմանիայի կողմից միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշում էր կայացրել դուրս գալ ԳՀՀԾ-ից։ Ամերիկյան վարչակազմի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը բազմիցս ազդարարել է ԱՄՆ-ն Թեհրանի հետ միջուկային գործարք վերադարձնելու պատրաստակամության մասին։ «Հինգ գումարած մեկ» խումբը (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա) Վիեննայում ապրիլից բանակցություններ է վարում Իրանի հետ՝ ԳՀՀԾ-ն իր սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ։