Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) փրկությունը ավելի մեծ առաջընթաց է պահանջում, քան այն, ինչին կողմերը հասել են ներկա պահին։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը լրագրողների համար ավանդական ճեպազրույցում։

«[Վիեննայում ԳՀՀԾ վերականգնման բանակցությունների] ներկա փուլը շարունակվում է։ Մենք խոսել ենք համեստ առաջընթացի մասին, որը նկատել ենք վերջին օրերին։ Իհարկե, այդ առաջընթացը պետք է ավելի մեծ լինի, եթե ցանկանում ենք փրկել ԳՀՀԾ-ն եւ ապահովել, որպեսզի [զանգվածային ոչնչացման զենքի] չտարածման առավելությունները, որոնք տալիս է ԳՀՀԾ-ն, չնվազեցվեն, զրոյի չհանգեցվեն, ոչնչացվեն ձեռքբերումներով, որոնց հասել է Իրանն իր միջուկային ծրագրում»,- ասել է դիվանագետը։

Փրայսը չմտածված է անվանել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ ԳՀՀԾ-ից դուրս գալու որոշումը։ Նա ընդգծել է, որ պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենը պաշտոնն ստանձնել է «առանց իրանական միջուկային ծրագրի ստուգման եւ մոնիթորինգի այդ խիստ ընթացակարգերի, որն ապահովում էր ԳՀՀԾ-ն։ Դիվանագետն ավելացրել է, որ միջուկային գործարքն ուղղված է այն բանին, որպեսզի «մշտապես եւ ստուգվող ճանապարհով կանխվի Իրանի միջուկային զենք ունենալը»։

Նա հերթական անգամ քննադատել է Թրամփին, որը խոստացել էր «լավագույն գործարք» ԳՀՀԾ-ի փոխարեն։ «Իսկ իրականում ուղիղ հակառակն է։ Այն ժամանակվանից, երբ նախորդ վարչակազմը դուրս է եկել ԳՀՀԾ-ից, Իրանը հնարավորություն է ստացել ամենակարճ ժամկետում կատարել իր խոստումները միջուկային ոլորտում»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։

«Մեզ ասացին, որ [ԳՀՀԾ-ից դուրս գալուց հետո]  մենք ավելի լավ վիճակում կլինենք, որպեսզի դիմակայենք մարտահրավերների այն ամբողջ համալիրին, որոնք նետում է Իրանը՝ լինեն բալիստիկ հրթիռները, ահաբեկչությանը սատարելը, թե մարդու իրավունքների խախտումները։ Ինչպե՞ս մենք պետք է անեինք դա, եթե այդ որոշման հետեւանքով մեկուսացման մեջ հայտնվեց Միացյալ Նահանգները, ոչ թե Իրանը»,- ամփոփել է Փրայսը։

Հունվարի 3-ին Ավստրիայի մայրաքաղաքում ամանորյա ընդմիջումից հետո վերսկսվեց բանակցությունների ութերորդ ռաունդը, որոնց նպատակն է ԳՀՀԾ վերստեղծումը նախնական ձեւով եւ ԱՄՆ վերադարձն այդ բազմակողմ համաձայնությանը։ Իրանի եւ միջազգային  միջնորդների «հնգյակի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) համատեղ հանձնաժողովի նիստի արդյունքներով՝ կողմերը պայմանավորվել են արագացնել համաձայնագրի նախագծի պատրաստման գործընթացը եւ այն ավարտել փետրվարի սկզբին։