Միջազգային միջնորդների «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) առաջարկը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի շրջանակում ժամանակավոր համաձայնագիր ստորագրելու մասին Թեհրանը չի մերժել։ Այս մասին, ինչպես տեղեկացրել է IRNA գործակալությունը, չորեքշաբթի հայտարարել է Մեջլիսի (Իրանի խորհրդարան) ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Վահիդ Ջալալզադեն։

«Չնայած Վիեննայի բանակցություններում Իրանի պատվիրակության համար առաջնահերթը ԳՀՀԾ-ի վերաբերյալ մշտական համաձայնության հասնելն է, մենք պետք է ընդունենք, որ ժամանակավոր համաձայնությունը վնաս չի հասցնի էմբարգոն հանելու ռազմավարական նախաձենությանն ու ազգային շահերին»,- ասել է նա։ Պատգամավորի խոսքով՝ «հնգյակի» առաջարկը դիտարկվում է։ «Այդ գաղափարը չի ընդունվել Իրանի կողմից, բայց եւ չի մերժվել»,- ասել է Ջալալզադեն։

Ինչպես ընդգծել է խորհրդարանական կոմիտեի ղեկավարը, Իրանը «չի վստահում արեւմտյան կողմերին, քանի որ նրանք չեն հետեւել նախորդ համաձայնագրի իրենց պարտականությունների կատարմանը»։ Բացի այդ, հիշեցրել է նա, «ԱՄՆ-ը միակողմանի կարգով դուրս եկավ միջուկային գործարքից՝ տնտեսական փոխհատուցում չվճարելով»։ «Արեւմտաեվրոպական պատվիրակությունները անհանգստացած են Վիեննայի բանակցությունների դանդաղ ընթացքից, ուստի նրանք առաջարկել են ԳՀՀԾ միջանկյալ համաձայնագիր, որպեսզի հետո  հասնեն մշտական համաձայնության»,- ընդգծելէ Ջալալզադեն։