ԵՄ-ն ցանկանում է օգնել Լիբանանին խուսափել տնտեսական փլուզումից, բայց միայն այն դեպքում, եթե երկրի ղեկավարները կարգուկանոն հաստատեն: Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը՝ Բեյրութում լիբանանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո, հայտնում է AP-ն։

Նրա խոսքով՝ Լիբանանը պետք է գործարք կնքի Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, շարունակի հետաքննել 2020 թվականի օգոստոսին նավահանգստում տեղի ունեցած պայթյունը եւ վերակառուցի ծանր վնաս կրած բանկային հատվածը:

«Անկեղծ ասած, մենք շատ մտահոգված ենք այն ամենով, ինչ տեղի է ունենում երկրում»,- ասել է Շալենբերգը: «Մեր ուղերձը՝ օգնեք մեզ օգնել ձեզ: Ավստրիան կշարունակի կանգնել լիբանանցիների կողքին, բայց մենք ուզում ենք լիբանանյան կողմից գործողություններ տեսնել»,- ասել է նա։

Լիբանանի տնտեսական ճգնաժամը Համաշխարհային բանկի կողմից ճանաչվել է 1850-ականներից ի վեր աշխարհում ամենածանր ճգնաժամերից մեկը: 2019 թվականի հոկտեմբերից ի վեր տասնյակ հազարավոր մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը, իսկ լիբանանյան ֆունտը կորցրել է իր արժեքի ավելի քան 90%-ը։ 6 միլիոն բնակչության գրեթե 80 տոկոսը, այդ թվում՝ 1 միլիոն սիրիացի փախստականներ, ապրում են աղքատության շեմից ցածր պայմաններում: