Բալթյան երկրները իրենց տարածքում ռազմական ներկայությունը մեծացնելու շուրջ բանակցություններ են վարում ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ՝ Ռուսաստանին «զսպելու» համար, Reuters-ին ասել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը։

«Իհարկե, մենք մեր դաշնակիցների հետ քննարկում ենք որպես զսպող միջոց նրանց ներկայությունն այստեղ ավելացնելու մասին»,- ասել է Կալլասը: «Եթե նայեք քարտեզին, Բալթյան երկրները ՆԱՏՕ-ի թերակղզի են, եւ, հետեւաբար, մենք մեր մտահոգություններն ունենք»:

ՆԱՏՕ-ի դիվանագետներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, գործակալությանը հայտնել է, որ Բալթյան երկրներում լրացուցիչ տեղակայման հարցը կարող է քննարկվել ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների փետրվարի կեսերին կայանալիք հանդիպման ժամանակ։

ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները տեղակայված են Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում եւ Լեհաստանում՝ 2014 թվականին Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո։ Յուրաքանչյուր երկրում 1000-ից մի փոքր ավելի զինվորական կա:

Կալլասը նշել է, որ Արեւմուտքը կարող է կառուցողական բանակցություններ վարել Մոսկվայի հետ, բայց նաեւ պետք է Կրեմլին հասկացնի, որ եթե Ուկրաինայում իրավիճակը սրվի, նա ստիպված կլինի «բարձր գին վճարել տնտեսական պատժամիջոցների տեսքով»: «Կարծում եմ, որ մենք չպետք է թակարդն ընկնենք՝ քննարկելով, թե ինչ կարող է անել Արեւմուտքը, քանի որ Արեւմուտքը ոչ մի վատ բան չի արել»,- ասել է Կալլասը: «Արեւմուտքը ռազմական խմբավորումներ չի ստեղծել Ռուսաստանի վրա հարձակվելու համար»։