2021 թվականի 11 ամիսներին 816 660 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան: ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից «Sputnik Արմենիային» հայտնել են, որ հիմնականում հոսքը եղել է Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից եւ ԱՄՆ-ից:

Մասնավորապես, ՌԴ-ից Հայաստան է այցելել 375930 մարդ, Իրանից՝ 85310, Վրաստանից՝ 57713 եւ ԱՄՆ-ից՝ 30494 մարդ: Զբոսաշրջության առումով ամենահաջող ամիսը եղել է օգոստոսը, երբ Հայաստան է ժամանել 143168 զբոսաշրջիկ։ Ամենապասիվը հունվարն է. այդ ամսին մեր երկիր է այցելել 23345 մարդ։

Նշենք, որ 623 662 մարդ օդային ճանապարհով է հատել սահմանը, 187 731 մարդ եկել է ավտոմեքենայով, իսկ 5267 մարդ օգտվել է երկաթուղուց: