Հինգշաբթի ցուցարարները փակել են Բեյրութի բոլոր հիմնական ճանապարհները և տրանսպորտային զարկերակներն ամբողջ Լիբանանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հինգշաբթի միկրոավտոբուսների եւ տաքսու վարորդները, ցամաքային տրանսպորտի միության կոչով, փակել են ճանապարհները վառելիքի եւ պարենային ապրանքների գների շարունակական բարձրացման եւ դոլարի նկատմամբ ազգային արժույթի նոր անկման պայմաններում:

Լիբանանի մայրաքաղաքում արգելափակվել են կենտրոնական հրապարակը, Համրա փողոցը, Վերդան թաղամասը եւ Քուվեյթի դեսպանատան տարածքում գտնվող օդանավակայան տանող մայրուղին։

Առավոտյան ժամը 5-ից ցուցարարները փակել են նաեւ Հալդեի շրջանում մայրաքաղաքը երկրի հարավին կապող գլխավոր ճանապարհը, իսկ Դաուր շրջանում՝ Բեյրութից դեպի հյուսիս տանող մայրուղին։

«Մենք ստիպված ենք նման միջոցներ ձեռնարկել, որպեսզի մեզ լսեն։ Նախորդ անգամ նախազգուշական ակցիա էինք կազմակերպել ու արգելափակել էինք առավոտյան հինգից տասը։ Այսօր առավոտյան ժամը չորսից փակել ենք բոլոր ճանապարհները։ Մենք պահանջներ ունենք՝ առաջին հերթին դոլարի փոխարժեքի կայունացման, պարենային ապրանքների գների կարգավորման հետ կապված։ Բենզինի գներն անընդունելի են դարձել եւ աճում են նույնիսկ հիմա, մինչ ակցիան շարունակվում է»,- պատմել է Նաբաթիայից ցամաքային տրանսպորտի միության անդամ Ահմադ Քուբեյսին:

Քուբեյիսիի խոսքով՝ կարեւոր է, որպեսզի լիբանանցիներն աջակցեն գործադուլին, քանի որ կենսապայմանները վատանում են բոլորի համար: «Եթե ուզում են ինչ-որ բան փոխել, թող բանտարկեն բանկիրներին եւ Կենտրոնական բանկի ղեկավարին։ Թող ստիպեն նրանց քայլեր ձեռնարկել, բայց մինչ այժմ կյանքի պայմանները միայն վատթարանում են»,- հավելել է Քուբեյսին։

Ցուցարար Աբու Ալի Մոհսենն ասել է, որ արհմիությունը եւ երկրի քաղաքացիները պետք է կառավարությունից եւ խորհրդարանից պահանջեն լուծումներ գտնել։ «Մարդիկ չպետք է տառապեն եւ սովամահ լինեն, քանի դեռ քաղաքական գործիչները պայքարում են իշխանության համար», - ասաց նա։
Ըստ մասնակիցների՝ համատարած բողոքի ակցիան կշարունակվի մինչեւ երեկոյան հինգը։ Այնուհետեւ միության ղեկավարը կհայտարարի հետագա քայլերի մասին։

Բեյրութում ակցիան այս պահին ընթանում է խաղաղ պայմաններում։ Մարդկանց ու իրավապահների կուտակումներ չկան։ Բանակն ու ոստիկանությունը չեն միջամտում ցուցարարների գործողություններին: