Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր դատավարության ժամանակ ելույթում ասել է, որ բանտում ծրագիր է մշակում երկիրը ճգնաժամից ու աղքատությունից դուրս բերելու համար։

Հինգշաբթի Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի է ունենում Սահակաշվիլիի կողմից սահմանի ապօրինի հատման գործով հերթական նիստը։ Նիստն ուղիղ եթերով հեռարձակում է վրացական հեռուստաընկերությունների կողմից։

«Երկիրը փրկելու, ճգնաժամից ու աղքատությունից դուրս գալու ծրագիր եմ մշակում՝ ծրագիր, որը Վրաստանին հնարավորություն կտա հինգ տարվա ընթացքում վերադառնալ զարգացման կարգավիճակին։ Ես գիտեմ, թե ինչպես է դա արվում՝ ի տարբերություն այս իշխանությունների»,- ասել է Սաակաշվիլին։

Իր ելույթում նա բազմիցս նշել է, որ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» կուսակցության՝ իշխանության գալուց հետո Վրաստանը տնտեսական ճգնաժամի մեջ է ընկել, աղքատներն ու կարիքավորներն ավելի են շատացել, սոցիալական ծառայությունների աշխատանքը վատացել է, գործազրկությունը համատարած է, տնտեսական ու զբոսաշրջության զարգացում չկա։

«Այս դահլիճը ես եմ կառուցել, ձեր հետեւի այս դրոշը նույնպես իմն էլ, այս տեսախցիկը ես եմ տեղադրել, ուստի պետք չէ ինձ բացատրել, թե որտեղ եմ ես գտնվում։ Այն ամենը, ինչ արվել է այս երկրում, այն ամենը, ինչ մինչ այժմ չի փչացել, արվել է իմ կողմից։ Ի տարբերություն ձեզ, ես չորս համալսարան եմ ավարտել։ Ես չեմ հարգում Իվանիշվիլիի դատարանը»,- ասել է Սաակաշվիլին։

Դատախազներն ու դատավորը մի քանի անգամ խնդրեցին Սաակաշվիլիին «խոսել ըստ էության», ինչին ի պատասխան քաղաքական գործչի փաստաբանները պարզաբանեցին, որ նախկին նախագահի ելույթը հայրենիք վերադառնալու պատճառների բացատրությունն էր։