Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների արտաքին առեւտրի ծավալը մինչեւ 2021 թվականի վերջը մոտ 800 մլրդ դոլար կկազմի, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով Գայդարի ֆորումում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Արտաքին առեւտրի աճ է գրանցվել: Այստեղ մենք ռեկորդային արժեքների ենք հասնում՝ մոտ 800 միլիարդ դոլարի, ըստ ամենայնի, դա կլինի 2021 թվականը, որից մոտ 70 միլիարդ դոլարն առեւտուրն է միության երկրների միջև։ Այստեղ մենք նույնպես աճ ենք տեսնում, եւ այդ աճը տեղի է ունենում ե՛ւ դրամական, ե՛ւ ֆիզիկական արտահայտմամբ»,- ասել է նա։

Ինչպես նշել է Օվերչուկը, առեւտրի ծավալների աճն ավելի արագ տեմպերով է ընթանում միության ներսում, քան դրսում։ «Այս ամենը խոսում է այն մասին, որ միությունն իսկապես թույլ է տալիս երկրներին մոբիլիզացվել, թույլ է տալիս երկրներին ստանալ այն առավելությունները, որոնք ապահովում է մեր ընդհանուր մեծ շուկան եւ, համապատասխանաբար, հետագա զարգացումը»,- հավելել է նա։

Փոխնախագահի խոսքով՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում անհրաժեշտ է էլ ավելի մեծացնել համագործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես՝ ավիացիայի ոլորտում։ «Այստեղ, իհարկե, մենք նախագծերի զարգացում ենք տեսնում Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Հայաստանի հետ, որպեսզի ավիացիոն զարգացումները քաղաքացիական ավիացիայի ոլորտում, որն այսօր ունի Ռուսաստանը, մեր ընդհանուրը դառնան։ Այդ դեպքում բոլորը կթռնեն այդ ինքնաթիռներով, եւ բոլորը շահագրգռված կլինեն աջակցել այդ ոլորտին»,- ասել է նա:

Օվերչուկը նաեւ նշել է գյուղատնտեսական տեխնիկայի եւ տրանսպորտի ու լոգիստիկայի ոլորտում համատեղ նախագծերի մշակումը, որտեղ կարեւոր դեր է խաղում Ղազախստանը: